Սկանդալ՝ թուրքական մամուլում. հայերի ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Թուրքիա

Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում՝ աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը հակադրվող կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները: Այս անգամ, սակայն, պատահել է հակառակը: Թուրք լրագրողն աշխատանքից ազատվելու դիմում է գրել լրատվական-վերլուծական կայքի խմբագրություն, պատճառը հայերի  ցեղասպանությունը պետական թեզերով ժխտող հոդվածի հեռացումն է կայքից: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Դեպքը պատահել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրապարակումներով աչքի ընկնող, ազատական և ընդդիմադիր հայացքներով հայտնի «Gazete Duvar» լրատվական կայքում: Կայքի գլխավոր խմբագիր Ալի Դուրան Թոփուզը հեռացրել է Գյուլգյուն Թյուրքօղլուի «Հայերի տեղահանությունը» վերնագրով հոդվածը՝ տեղադրելով իր գրած «Ներողության գրություն. ժխտողականության մերժում» հոդվածը:

«Շատ եմ ցավում: Շատ դժվար է ամոթս արտահայտելը»,- գրում է գլխավոր խմբագիրը՝ բացատրելով, որ իրենց կայքը չի ընդունում ժխտողականությունը, իսկ Թյուրքօղլուի հոդվածը հրապարակվել է առանց կարդալու, քանի որ այս օրերին թողարկող խմբագիրների պակասի պատճառով երբեմն մշտական թղթակիցների հոդվածները հրապարակվում են առանց ստուգման: 

«Gazete Duvar»-ը ժխտողականությունը մերժող մտածելակերպով է առաջնորդվում: Դա տարածվում է նաև Հայոց ցեղասպանության խնդրի վրա: Ես հավատում եմ, որ մտքի ազատությունը մեզ չի պարտադրում ընդունել ժխտումը, աչք փակել դրա վրա ու օգնել դրա տարածմանը»,- գրել է Թոփուզը:

Իր հոդվածի հեռացումից ու գլխավոր խմբագրի ներողության գրության հրապարակումից հետո Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրող Թյուրքօղլուն ազատման դիմում է ներկայացրել: