Գործարար Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Իրավական

«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմնին։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը հաստատեց, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին ծանուցում է ուղարկվել Սամվել Կարապետյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ, սակայն Կարապետյանը հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում և չի կարող ներկայանալ, բացի այդ ցանկանում է օգտվել Սահմանադրության իր իրավունքից և հրաժարվել է ցուցումունք տալուց։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է Սամվել Կարապետյանի եղբորորդու և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին։

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ս.Կարապետյանի 28-ամյա զարմիկը՝ Նարեկ Կարապետյանը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ և պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար:

Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը զանգահարել է տուժողին և հանդիպման կանչել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև այլ անձինք, երիտասարդը, տուժողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու և վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ:

Ն.Կարապետյանին եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի շորթումը։

Գործարար Վահե Պարազյանը մեղադրանքներ է հնչեցնում Սամվել Կարապետյանի վերաբերյալ, նշելով, թե նա խլել է իրենց բիզնեսը։ Ըստ գործարարի՝ Կարապետյանն օգտագործելով իր կապերը ՌԴ իրավապահների շրջանում սնանկացրել է իր մրցակիցներին, որի արդյունքում վերջիններս արտագաղթել են Հայաստան: Պարազյանի խոսքով՝ Կարապետյանները նրան Հայաստանում էլ են գտել ու 10 միլիոն եվրոյի հաշիվ ներկայացրել։
ՔԿ վարույթում քննվող քրեական գործով Սամվել Կարապետյանին հարցաքննելու ցուցում էր տվել դատախազությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս