Լիբանանի հեռացող վարչապետը օգնության կոչով դիմել է աշխարհի առաջնորդներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Լիբանանի հեռացող վարչապետ Սաադ Հարիրին աշխարհի երկրների առաջնորդներին կոչ է արել օգնել իր երկրին՝ ապահովել բարեկամական երկրներից ներկրման համար վարկային գծեր, քանի որ Լիբանանը վերջին տասնամյակում վատագույն տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն է ապրում, հայտնում է AP-ը։

Հարիրին նամակներ է ուղարկել Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդներին, որպեսզի նրանք հնարավորինս նպաստեն ճգնաժամի մեղմացման եւ սննդամթերքի ու հումքի ապահովման գործընթացին։

Լիբանանի տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը տնտեսության զրոյական աճի եւ հսկայական պարտքի հետեւանք է։ Տեղական բանկերը աննախադեպ վերահսկողություն էին իրականացնում կապիտալի շարժման վրա, հազարավոր աշխատակիցներ կամ հեռացվել են, կամ նրանց աշխատավարձերը կրճատվել են։

Ճգնաժամը խորացել է հոկտեմբերի 17-ից, երբ երկրով մեկ բողոքի ցույցեր սկսվեցին, ինչի հետևանքով երկու շաբաթ անց Հարիրիի կառավարության հրաժարական տվեց։