32 հոգի մեկուսացված է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Ձմռան վերջին 40 օրերին դիմանալով, մենք այժմ շատ բարենպաստ վիճակում ենք, որովհետև տաք եղանակին վիրուսը ոչնչանում է։ Անդրադառնալով Հայաստանում գրանցված կորոնավիրուսի դեպքին այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր խորհուրդները նույնն են, ինչպես շնչառական մյուս վիրուսների դեպքում՝ խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, շփվելիս կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը՝ օճառով կամ ալկոհոլային հիմքով լուծույթով, սենյակները հաճախ օդափոխել։ Պետք է դադարել համբուրվելով և ձեռքով բարևել, որովհետև վիրուսը տարածվում է նաև ձեռքերի միջոցով», - նշել է նախարարը։

Թորոսյանը հայտնել է նաև,որ այս պահին մեկուսացված է 32 հոգի։ Նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։  Նա հիշեցրել է նաև, որ մինչ այժմ կորոնավիրուսի հաստատման-հերքման 117 թեստ է արվել, որից դրական արդյունք միայն մեկն է ցույց տվել։