Մոսկվայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել․ երիտասարդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կորոնավիրոս Մոսկվա

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունը հաստատել է Մոսկվայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածը նախօրեին Միլանից վերադարձած մի երիտասարդ է, որին արդեն հոսպիտալացրել են, իսկ անալիզներն ուղարկել Նովոսիբիրսկի «Վեկտոր» լաբարատորիա։

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանում կորոնավիրուսը հաստատում են երեք փուլով. սկզբում եզրակացություն են ներկայացնում բժիշկ-վարակաբանները, այնուհետև «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները, իսկ վերջնական հաստատումն անում են «Վեկտոր» լաբորատորիայի մասնագետները:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 89815, մահացել է 3068 մարդ, 45 300-ը բուժվել են։ Կորոնավիրուսը, Չինաստանից բացի, տարածվել է աշխարհի 70 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։

Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել նաև Հայաստանում։ 29-ամյա վարակակիրը Երևան էր ժամանել փետրվարի 28-ին Իրանից հատուկ չվերթով։ Ժամանման պահին ջերմություն կամ վարակին բնորոշ այլ ախտանշաններ նա չի ունեցել։ Կորոնավիրուսով վարակման փաստն ի հայտ է եկել օրեր անց, երբ բարձրացել է նրա ջերմությունը։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։