Բոլորս մի նավակում ենք, հիմա ամենավատ ժամանակն է այդ նավակը ճոճելու համար. Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

բոշյան

«Համավարակի աննախադեպ լինելու հանգամանքը թույլ չի տալիս բացարձակ կատեգորիաներով պնդումներ անել, քանի որ ոչ մի երկիր նախկինում նման իրավիճակներում չի եղել, հետևաբար, համավարակի հաղթահարման արդյունավետ փորձ էլ լինել չի կարող: Այստեղ ամենակարևորն իրավիճակին համարժեք արձագանքելու կարողությունն ու պատրաստակամությունն է, որը մենք տեսնում ենք կառավարության գործողություններում»,- սա եղավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի պատասխանը 24News-ի հարցին, թե որպես վերահսկող կառույցի ներկայացուցիչ՝ ինչպես է գնահատում կառավարության ու պարետատան աշխատանքը՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին:
Նա նշեց, որ կառավարությունն աշխատում է արտակարգ ռեժիմով և ըստ իրավիճակի՝ տարբեր գործիքներ է կիրառում: Պատգամավորը կարևորեց, որ պարետատան կողմից ընդունվող փաթեթներն ուղղված են ոչ միայն բռնկված կրակը հանգցնելուն, այլ նաև ապագայում՝ համավարակից հետո, որպես խթան կարող են լինել տնտեսական գործունեություն ծավալողների համար:
Ինչ վերաբերում է ընդդիմության այն քննադատությանը, թե կառավարության քայլերն ուշացած են, ու իշխանավորներն ամենսկզբից լուրջ չեն վերաբերվել վիրուսին, ապա Բոշյանն ընդգծեց՝ պետք է հասկանալ՝ բոլորս մի նավակում ենք, ու հիմա ամենավատ ժամանակն է այդ նավակը ճոճելու, պոպուլիզմի ու նեղ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, որովհետև նման իրավիճակներում հաղթողներ կամ պարտվողներ չեն լինում: Նա նախ վստացրեց, որ իրադարձությունների բացությունն ու ինֆորմացիայի ազատ շրջանառումն ակնհայտ են դարձնելու, թե այս դժվար ժամանակներում ով ինչով էր զբաղված, ապա շեշտեց՝ եթե չես օգնում, ուրեմն պետք է առաջնորդվել բժշկական հայտնի ճշմարտությամբ` մի՛ վնասիր:
«Վտանգավորության և էվոլյուցիայի առումով վիրուսը տարբեր գնահատականների է արժանացել: Աշխարհի գիտական պոտենցիալով հարուստ երկրներում անգամ դեռ չեն կարողանում սահմանել դրա հնարավոր ծավալները և հետևանքները, բայց այսօրվա գլոբալ իրավիճակը ցույց է տալիս, որ այն վտանգավոր է և լրջագույն մարտահրավեր է մարդկության համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հորդորում և խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ լինել առավելագույնս զգոն և կարգապահ, հետևել կառավարության հորդորներին: Հարցը միայն սեփական առողջության հանդեպ վերաբերմունքը չէ, մենք նաև պատասխանատու ենք մեկս մյուսի նկատմամբ: Մենք պարտավոր ենք հոգատար լինել»,- հորդորեց մեր զրուցակիցը:
24News-ի մեկ այլ հարցին, թե երբ պետական ապարատները կիսով չափ են աշխատում, մասնավորների մի մասը՝ նույնպես, պետությունն այդքան ամուր հողի վրա՞ է, որ կարողանա երկար չաշխատելու «հաճույքից» օգտվել, Արման Բոշյանն այսպես արձագանքեց. «Հեղափոխությունից հետո մենք բավականին լուրջ տնտեսական հաջողություններ ենք ունեցել, բավականին ամրացրել ենք մեր տնտեսական իմունիտետը: Հարցն ինձ համար քաղաքական է, ու մենք չպետք է ընտրենք «կամ-կամ»-ը, այսինքն՝ կա՛մ տնտեսությունը , կա՛մ մարդկանց առողջությունը: Մեր ջանքերը կենտրոնացնենք «և-և»-ի վրա, ինչը որ հիմա անում ենք»:

Վրույր Սևակ