Կադրային նշանակումներին առնչվող առաջարկ չենք քննարկել. ԱՀ նախագահը հանդիպել է Ղուլյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

 

Արայիկ

Ուզում եմ տեղեկացնել, որ կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել, և մամուլում կամ հանրության մեջ այս առթիվ շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ  քաղաքական հնարավոր համագործակցության տեսլականով խորհրդատվությունների  շարքն առաջինը սկսել է  Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ:

«Քաղաքական հնարավոր համագործակցության տեսլականով խորհրդատվությունների  շարքն այսօր առաջինը սկսել եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ: Իմ երախտագիտությունը հայտնելով կուսակցության և գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին քննարկումների հրավերն ընդունելու համար՝ ծավալել ենք բաց և կառուցողական երկխոսություն: Բարձր գնահատելով Արցախի քաղաքական տարեգրության մեջ ԱԺԿ-ի ունեցած դերակատարությունը՝ ներկայացրել եմ այն օրակարգը, որի շուրջ պատրաստ ենք համագործակցության կամուրջներ կառուցել: Մեր զրույցն ընթացել է միայն ծրագրային հիմնադրույթների շուրջ. ինչպիսին են մեր պատկերացումներն Արցախի զարգացման վերաբերյալ:

Ուզում եմ տեղեկացնել, որ կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել, և մամուլում կամ հանրության մեջ այս առթիվ շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ քաղաքական քննարկումներն այսքանով չեն ավարտվել, և պայմանավորել ենք հետագայում ևս շարունակել համատեղ խորհրդատվությունները»,- գրել է Արայիկ Հարությունյանը: