«Մասիվում շներին բաց են թողնում բակերում, գնում». Մարուքյանը քաղաքացու նամակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքացիներից իր ստացած նամակներից մեկը, հույս հայտնել, որ պատկան մարմինները կզբաղվեն դրանով:

Հրապարակված նամակը ներկայացնում ենք ստորև:

«Բարև Ձեզ, պարո՛ն Մարուքյան։ Ձեզ եմ գրում քանի որ, որպես կառավարության ներկայացուցիչ ժողովրդին հասանելի եք Դուք, և Դուք եք իսկապես բարձրաձայնում ամեն Ձեզ տրված, մեզ հուզող հարցերը։

Խնդիրը շատ անհանգաստնող է շատերին այն թաղամասում, որտեղ ապրում ենք։ Խոսքը Նոր Նորքի 6-րդ զանգվածի մասին է, ավելի կոնկրետ՝ 6 և 5 զանգվածների միջև գտնվող փողոցում, որտեղ անընդհատ շատանում են փողոցային շները:

Ականջներին ինչ-որ բան են փակցնում, իբրև հսկվո՞ւմ են, օր օրի շատանում են շները, բերում, բաց են թողնում շենքերի բակերում, գնում են: Այդտեղ կա մանկական այգի (սղարաններով և այլն), շները այգում են միշտ երեխաները վախենում են, էլ ոչ մի ծնող չի կարող իր երեխային դուրս հանել, նախ եղել են դեպքեր՝ հարձակվել են մարդկանց վրա:

Նայում ես շներին անառողջ տեսքի են աչքերից, բերաններից արտադրություն է գալիս, նստում են այն նստարաններին, որտեղ հենց երեխաներ են։ Ինչո՞ւ են այդքան մի տեղում շատացել, թե՞ որ Մասիվ է, իրենց կարծիքով ծայրամաս է, խուլ տեղ է, բերում են, հա՞, այստեղի ապրողներն էլ մարդ չե՞ն:

Ես՝ որպես մանկահասակ երեխայի մայր, խնդրում եմ՝ շատ անդրադարձեք այս հարցին:

Շնորհակալությո՛ւն»: