Սիլվա Համբարձումյանը հաստատում է, որ 8 միլիոն դոլար կաշառք է տվել Արամ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 2, 24News

Thumbnail

Արամ Հարությունյանի հետ կապված աղմկահարույց գործը 2015 թվականի է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը։

«Այս գործի ընթացքում երկու անգամ եղավ կասեցում, նորից վերսկսվեց», - ասաց նա՝ ավելացնելով, որ Արամ Հարությունյանն իրեն ամեն անգամ խաբել է։

«Բայց 2015 թվականի փետրվարին նա վերջնականապես ասաց՝ «ինչ ուզում ես գնա, արա, ես փող չեմ տալու»։ Ես ասացի լավ եք մտածել, ասեց՝ «այո»», - նշեց նա։

Համբարձումյանն ասաց, որ Բաղրամյան 26-ից իրեն վստահեցրել էին, որ գումարը հետ կգա։

«Բայց 2017-ի մարտին գործը կասեցվում է ու ինձ տեղյակ չեն պահում», - ասաց նա։

Ներկայացնելով մանրամասներ՝ Սիլվա Համբարձումյանն ասաց, որ քննիչն իրենից հետաքրքրվել է, թե ինչպես վստահ լինեն, որ գործարարը փող է փոխանցել։

«Հետո ես Դուբայից բերեցի այն կնոջը, որի հաշվին փոխանցել էին 8 միլիոն դոլար, նա ասաց, որ չի ճանաչում, ես էլ ասացի, որ չեմ ճանաչում, քանի որ այդ հաշվեհամարն ինձ տվել էր Արամ Հարությունյանը», - մանրամասնեց գործարարը։

Սիլվա Համբարձումյանն այս տարի դիմել ՀՀ գլխավոր դատախազին ու խնդրել գործին ընթացք տալ։

«ՀՀ երեք քաղաքացի՝ Գագիկ Կարապետյանը՝ Սևանի հոգեբուժարանի տնօրենը, Վիկտոր Մարտիրոսյանն ու Արմեն Խաչատրյանը, գնում են Դուբայ, իրենց հաշվին ստանում են փողը ու վերադառնում», - ասաց նա։

Սիլվա Համբարձումյանը նշեց, որ գումարը, որը փոխանցել է Արաքս Դիլանյանին հաշվին, վերջինս էլ փոխանցել է Արամ Հարությունյանի ազգականների, ընկերների հաշվին։

Գործարար Սիլվա Համբարձումյանն ասաց, որ փողը փոխանցել է հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։

«Կաշառք էր», - ասաց նա։