Վարակակիրների հոսքը շատ-շատ է, ֆիզիկապես չենք հասցնում, 24 ժամ հերթապահում ենք․ բուժքույր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

հասարակական

«Վարակակիրների հոսքը շատ-շատ է, երբեմն ֆիզիկապես չենք հասցնում։ Իրավիճակը նույնն է, աշխատում ենք գերծանրաբեռնված գրաֆիկով։ 24 ժամ հերթապահում ենք, մարտի 14-ից սկսած մոտ 2 ամիս տանը չեմ եղել», - այդ մասին 24News-ին պատմեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր Մարգարիտ Ազիզյանը։ 

Բուժքույրը 10 տարի է, ինչ աշխատում է ինֆեկցիոն հիվանդանոցում։ Համավարակի պայմաններում աշխատում է կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների հետ, նրա խոսքով՝  ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ բոլոր պացիենտները ժամանակին ստանան իրենց համապատասխան բուժօգնությունը։

«Երբեմն նաև ծայրահեղ ծանր պացիենտների հետ եմ աշխատում։ Նրանք հիմնականում մտահոգված են, որ հանկարծ չեն կարողանա դուրս գալ այդ վիճակից։ Եվ շատ ցավալի է, որ այս պայմաններում կան այնպիսի մարդիկ, որոնք չեն հավատում համավարակին, համոզվում են միայն այն ժամանակ, երբ իրենք են վարակվում», - նշում է Մարգարիտը։ 

Բուժքույրը պատմում է, որ կարոտում է իր նախկին աշխատանքը, քանի որ մինչև համավարակն աշխատում էր զինվորական  բաժանմունքում, ինչպես նաև կարոտում է ընտանիքին․

«Արդեն աշխատանքից տուն եմ գնում, բայց միևնույնն է, մեկուսացված եմ լինում, չեմ կարողանում գրկել, համբուրել իմ տղային, ինչն ահավոր անտանելի է, կարոտում եմ այն կյանքը, որում ապրում էի մինչև համավարակը»։

Խոսելով նաև համաճարակային ներկայիս իրավիճակի մասին՝ բուժքույրը ցավալի է համարում, որ օր օրի թվերն աճում են և կոչ է անում մարդկանց լուրջ վերաբերվել, կրել դիմակ և չվտանգել առողջությունը։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ