Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է. Լևոն Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

լևոն

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին նախարար, գեներալ-լեյտենատ Լևոն Մնացականյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը լքել է դիրքը:

Ըստ Լևոն Մնացականյանի՝ իրեն վստահված պաշտպանական դիրքում Վանեցյանը կանգնած է եղել մինչև վերջ։

«Արթուր Վանեցյանը և այդ տղաներն այդ ուղղությունում՝ պաշտպանությունում, եղել են ու գտնվել են իրենց տեղում, կանգնել են, օգնել են մեզ ընդհանուր պաշտպանության գործում։ Եթե չեմ սխալվում՝ եղել են 30-40 հոգի մարդ։ Վանեցյանն այդ պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»,- ասել է Լևոն Մնացականյանը։

Հարցին, եթե իրեն վստահված վայրը Արթուր Վանեցյանը չի լքել, այդ դեպքում ինչո՞ւ են նրա անունը շահարկում և ներկայացնում՝ որպես դասալիք, Լևոն Մնացականյանը պատասխանել է. «Չգիտեմ, ես այդ մասին որևէ բան չեմ կարող ասել: Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են նրա անունը շահարկում։ Բայց այն, որ նա ուղղություններից մեկում եղել ու մնացել է մինչև վերջ, փաստ է»։

Հարցին՝ եղե՞լ է որևէ դեպք, երբ Արթուր Վանեցյանը ստացել է առաջադրանք, սակայն չի կատարել, Մնացականյանը պատասխանել է. «Ո՛չ, նրանց խնդիրը միայն պաշտպանելն է եղել, առաջ գնալու խնդիր նրանց չի տրվել։ Իրենք տեղում այդ պաշտպանության հարցն իրականացրել են»։

--00—ԼՄ