Արցախի նախագահը Կառավարությունում կադրային փոփոխություններ է նախատեսում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Արայիկ Հարությունյան

Արցախում այժմ պետական կառավարման համակարգն, ընդհանուր առմամբ, ճգնաժամի մեջ է, որը բացասականորեն է անդրադառնում պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների արդյունավետության վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով պետական կառավարման խնդիրներին.

«Նախատեսում եմ մի քանի օրվա մեջ կատարել բոլոր հիմնական կառուցվածքային ու կադրային փոփոխությունները և արագացնել ու բազմապատկել հրատապ հիմնախնդիրների լուծման ջանքերը: Ժողովրդի հրատապ կարիքների գոնե նվազագույն բավարարումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք կառավարման բարեփոխումների, որոնց մի մասը նախատեսել էինք նախապատերազմյան ժամանակահատվածում, իսկ մնացածի կարիքը դրսևորվել է պատերազմական ու հետպատերազմյան պայմաններում: Այդ երկարատև բարեփոխումների արդյունքում կբարելավվեն հանրային ծառայողների մասնագիտական կարողությունները, կբարձրանա վարչարարության, քաղաքացիների սպասարկման, հանրային միջոցների ծախսման, պետական ծրագրերի իրականացման և մի շարք այլ գործընթացների ու ինստիտուտների արդյունավետությունը:

Պետական կառավարման բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում եմ կատարել չափազանց պատասխանատու ու սրտացավ աշխատանք հետպատերազմյան ծանր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Մեզնից ոչ ոք բարոյական իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու, եթե գիտի, որ իրենից է կախված զոհվածի կամ անհետ կորածի հարազատի, վիրավորի, անօթևանի կամ մեկ այլ խոցելի անձի այս կամ այն հարցի լուծումը: Մեզնից ոչ ոք իրավունք չունի իրեն թույլ տալ շռայլություններ, երբ շատ անձինք զրկված են կյանքի նվազագույն պայմաններից, երբ զոհվածների ու անհետ կորածների զավակները կարիք ունեն պարզ ուշադրության: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գիտակցի, որ այժմ Արցախի բոլոր բնակիչները այսպես թե այնպես խոցելի են, և բոլորս պարտավոր ենք ծառայել նրանց, պարտավոր ենք ինքներս սրտացավության ու ծառայության օրինակ լինել մնացածի համար: Ես ակնկալում եմ, որ մեր հասարակությունում երկար ժամանակ կտիրի փոխօգնության ու համերաշխության աննախադեպ մթնոլորտ, ինչի շնորհիվ մեզ կհաջողվի արագորեն հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը:

Ի դեպ, նշվածի համատեքստում կուզեի անդրադառնալ նաև առաջնագծում ու թիկունքում սեփական պարտականությունների կատարումից խուսափած անձանց վերաբերյալ հանրային տրամադրություններին: Այո՛, հանրության մեջ առկա է իրավացի պարսավանք ու պահանջկոտություն նրանց հանդեպ, և՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և՛ հանրային ծառայության ցածր օղակի, և՛ մասնավոր հատվածի տարբեր աշխատակիցներ այդ հիմքով հեռացվել են աշխատանքից: Պատերազմի ընթացքում ես հրապարակել եմ աշխատանքից ազատված որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը: Ավելին, առաջնագծի ու թիկունքի դասալիքները չպետք է հետագայում նույնպես որևէ հնարավորություն ստանան բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու, քանի որ ժողովրդի համար ամենավճռական պահին իրենց պարտականությունների կատարումից խուսափած անձինք պարզապես չեն կարող բարեխղճորեն ծառայել նույն ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ցածր օղակի աշխատակիցներին, ապա հաշվի առնելով դեպքերի բազմազանությունը, ծագած որոշ իրավական հիմնախնդիրներն ու առկա ծավալները՝ այդ հարցը պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնա, որպեսզի արդար որոշումներ կայացվեն: Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ խրախուսանքի միջոցներ կիրառելիս գործատուները պետք է անպայման հաշվի առնեն տվյալ աշխատակցի վարքը պատերազմի ընթացքում՝ բացառելով անարդար որոշումները բարեխիղճ աշխատակիցների նկատմամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմնախնդիրներն ու մարտահրավերները չափազանց շատ են այս ժամանակահատվածում՝ երբեմն անկառավարելի ու անորոշ մեզ համար: Սակայն մեր նախորդ ու գալիք սերունդների առաջ պարտավոր ենք ամուր կանգնել Հայրենիքի փրկության ու զարգացման դիրքերում: Մենք ազգովի վճռական ենք պատվով դուրս գալու այս ծանր իրավիճակից, ուղղելու մեր մեջքը և առաջ շարժվելու մեր պատմական երթում: Մենք պարզապես իրավունք չունենք ձախողվելու այս փուլում, ինչը կարող է նշանակել բոլոր փուլերի ձախողում: Սա մեր արդար պայքարն է՝ մեր նախնիների պայքարի բնական շարունակությունը, և մենք միանշանակ հաջողելու ենք:

Ամրություն, անվտանգություն ու հարատևում Հայոց Սուրբ Հայրենիքին»:

--00--ԱԹ