Զեյնա Մինան շորհակալություն է հայտնել ՀՀ-ին 2027 թ․-ի խաղերը հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

Տիկին Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը մեծ կորուստ էր, ըստ նրա, ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար:

Զեյնա Մինան շորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և շնորհավորել մեր երկրին՝ ամռանը Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին ակտիվ մասնակցության և նվաճած մեդալների առիթով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ 2027թ. խաղերի բարձր մակարդակով անցկացումը կարևորվում է նաև այն տեսնակյունից, որ դրանք կլինեն հոբելյանական՝ 10-րդ խաղերը: Համաձայն պատվիրակության նախնական գնահատականի՝ Հայաստանի ենթակառուցվածքները բավականին զարգացած են, և վերջին տարիներին Հայաստանում անցկացված տարբեր միջոցառումների, այդ թվում՝ 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բարձր մակարդակը վկայում են, որ 2027թ. խաղերը ևս կունենան մեծ հաջողություն:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը հանձնառու է միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար և, Հայաստանի հայտի հաստատման դեպքում, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ ամեն ջանք կգործադրվի այդ ուղղությամբ:

 

--00—ԱՊ