Եմենում կառավարության նոր անդամների ժամանման պահին 3 հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Եմենի նոր կառավարության նախարարների ժամանմանը զուգահեռ Ադեն քաղաքի օդանավակայանում 3 հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հեռուստաընկերությունը հաղորդել է մեծ թվով զոհերի և վիրավորների մասին, սակայն ստույգ տվյալներ դեռ չկան: Ըստ նախնական տեղեկության՝ կառավարության անդամներից ոչ ոք չի տուժել: Հարձակման պահին նրանք բոլորը դեռ նոր վայրէջք կատարող ինքնաթիռում էին՝ արկերի ընկնելու վայրից հեռու: Ավելի ուշ նախարարները խիստ հսկողության տակ տեղափոխվել են «Էլ-Մաաշիկ» նախագահական պալատ: Ըստ Al Arabiya-ի՝ ականներն ընկել են ժամանման սրահի վրա, մեկը՝ թռիչքուղու:

Հիշեցնենք, որ Եմենի նոր կառավարությունը ձևավորվել է դեկտեմբերի կեսերին վարչապետ Մեյն Աբդել Մալիքի ղեկավարությամբ՝ Ռիադի համաձայնագրի համաձայն, որը կնքվել էր 2019-ի նոյեմբերին Հարավային անցումային խորհրդի և երկրի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների միջև: Հանրապետության նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի երդմնակալության արարաողությունը դեկտեմբերի 26-ին էր:

 
--00—ԼՄ