Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի երկարաժամկետ կարգավորմանն ու գերիների վերադարձին

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News

Մակրոն

Ֆրանսիան հանդես է գալիս ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնման օգտին: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: 

«Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ: Մակրոնը հայտարարել է ԼՂ-ում կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու իր վճռականության մասին»,- հայտնել են Ելիսեյան պալատից:

Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմից նաև տեղեկացրել են, որ հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը տեղեկացրել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցել բոլոր գերիների վերադարձի ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը: 

Մակրոնը շնորհավորել է հայ ժողովրդին` Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

--00--ԱԹ