«Ազգային օրակարգ»-ը շարունակելու է պայքարը՝ միտված կապիտուլյացիոն իշխանության հեռացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Ազգային օրակարգ

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված և հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունները, որևէ կերպ չեն կարող հավակնել լինելու Հայաստանի և Հայության կողմից առերեսվող գոյութենական հիմնախնդիրների լուծման արդյունավետ ճանապարհ։ 

«Գործող վարչախմբի կառավարման ամբողջ ժամանակաշրջանում բազմիցս ականատես ենք եղել իշխանությունների կողմից ստի, մանիպուլացիաների, ռեպրեսիվ միջոցների, վարչական ռեսուրսի գործադրմամբ իրենց ապազգային և հակապետական նպատակներին հասնելու գործելաոճին։ Նշյալը հիմք է տալիս պնդելու, որ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանախմբի կողմից կազմակերպվելիք հնարավոր ընտրությունների ժամանակ փորձ է արվելու կիրառել նույն մեթոդները և ազդելու ընտրութունների ազատ ընթացքի և արդար ելքի վրա։

Ելնելով վերոգրյալից, մենք հաստատում ենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը անընդմեջ շարունակելու է հետևողական պայքարը՝ միտված օր առաջ կապիտուլացիոն իշխանախմբի հեռացմանը, արտահերթ ընտրությունների միջոցով ազգային իշխանությունների ձևավորմանը, և գործընկեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ միասին Հայկական պետականության շուրջ առկա սպառնալիքների հաղթահարմանը»,- հայտնում են «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդից:

--00--ԱԹ