ՌԴ-ում կքննարկվի ՀՀ-ից հավաքական բեռների լոգիստիկ կենտրոնների ստեղծման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

փոխադրում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը 2021 թվականի ապրիլի 12-16-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ որոշման՝ փոխնախարարը մեկնում է Մոսկվա՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարենային անվտանգության միասնական հայեցակարգին առնչվող հարցերի քննարկման, «Պրոդ-Էքսպո-2021» միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համագործակցության հեռանկարների ընդլայնման, ռուսաստանյան գործարարների հետ Հայաստանից հավաքական բեռների համար լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Խոջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

 --00—ՄՀ