Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրված է

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկն Ուկրաինայում արդեն տրված է:  Միջոցառումներն սկսվել են տեղեկատվական աշվավով: Մասնավորապես, Ուկրաինայի խոշոր քաղաքների մի շարք փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվական վահանակներ, ցուցապաստառներ: 

 AnalitikaUA.net-ը հայտնում է, որ  միջոցառումների շրջանակում Ուկրաինայում ապրիլի 24-ին կանցկացվի առցանց դասախոսություն՝  «Հայոց ցեղասպանություն. Հանցագործություն մարդկության ու քաղաքակրության դեմ» խորագրով: Դասախոսությունն անցկացնելու է պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը:

Միջոցառումների շրջանակում Ուկրաինայի հայաշատ տարբեր քաղաքներում նախատեսված են նաև կլոր-սեղան քննարկումներ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ-մոբեր, երթեր, ծառատունկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմերի ցուցադրություն: Համավարակով պայմանավորված` միջոցառումներն անցկացվելու են անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ:  

--00—ՄՀ