Գլաձորցիները թույլ չեն տվել համայնքի հանքավայրի արդյունահանման թեմայով քննարկում անել․ ՀԲՃ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչներն 2021 թ․-ի մայիսի 11-ին թույլ չտվեցին հանրային քննարկումներ անցկացնել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նպատակով «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու կամ չտալու վերաբերյալ։ Նրանք փակել էին դպրոցի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենար այդ քննարկումը՝ թույլ չտալով նախաձեռնող ընկերության մուտքն այդ տարածք։ Այսպես նրանք արտահայտեցին իրենց դեմ լինելն այս ծրագրին ու մեկ անգամ ևս վերահաստատեցին դեռ 2019 թ․-ին 2152 ստորագրություններով ամրագրված կոլեկտիվ հանրագրի միջոցով մետաղական հանքարդյունահանման հետ կապված ցանկացած գործունեություն Գլաձոր համայնքի տարածքում չթույլատրելու իրենց որոշումը։

Հիշեցնենք, որ 2019 թ․-ի ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր (http://armecofront.net/lrahos/gladzor-no-mining/), որտեղ խնդրել և պահանջել էին․

1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել է որոշում (http://armecofront.net/lrahos/gladzor-no-mining-2/), որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019 թվականի ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

Տեղեկացնենք նաև, որ 2018-2019 թթ․ նմանատիպ հանրագրեր և որոշումներ կայացվել են նաև Նոյեմբերյան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Արենի և Մալիշկա համայնքներում:

--00—ԼՄ