Արտակ Թովմասյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News 

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Թովմասյանի հայտարարությունում մասնավորապես ասված է․ 

«Տիկնայք և պարոնայք, հարգելի հայրենակիցներ, քաղաքական կեղտոտ խաղերով, ընտրություններով և քարոզչությամբ տարված քաղաքական գործիչներ, Իմ այս խոսքն իր բովանդակությամբ մի փոքր կտարբերվի այս օրերին քաղաքական այրերի կողմից հնչեցվող ելույթներից։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը վտանգավոր է։

Այն իր մեջ պարունակում է ռիսկեր` արտաքին վտանգներից ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։ Ես այդ մասին քանիցս հայտարարել եմ իմ նախորդ ելույթներում և կոնկրետ շեշտադրումներով հայտնել եմ, թե այս ընտրությունները ինչ վտանգների առաջ են կանգնեցնելու մեր պետությունն ու պետականությունը։ Ինձ համար աթոռն ու պաշտոնը երբեք նշանակություն չունեն և չեն էլ ունեցել, ներկա պահին ես դրանց ձգտելու ոչ մի շարժառիթ չունեմ։ Կրկնում եմ ևս մեկ անգամ,  պատերազմի բոհով անցած և չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։»

--00—ՄՀ