«Փրկչի» վրա հույս դնող հասարակության համար խորհրդարանական համակարգը խոցելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Քաղաքական

Խորհրդարանական համակարգը և նրան բնորոշ Սահմանադրությունն իրեն չի արդարացնում, այս մասին խոսել եմ նաև Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին, կարծում եմ՝ Հայաստանի համար մտածելակերպի տեսանկյունից կիսանախագահական համակարգը, նույնիսկ նախագահական համակարգն ավելի բնորոշ է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին իրականացված սահմանադրական փոփոխությունը բացի անկայունությունից, որևէ արդյունք չի տվել, թեև, հնարավոր է, որ կարճ ժամանակ է անցել և հիմնականում էքսցեսների ճանապարհով ենք անցել՝ հեղափոխություն, պարտված պատերազմ, քաղաքական համակարգի էլ ավելի այլասերում, սակայն փաստ է, որ կիսանախագահակ համակարգի վերադարձի մասին հիմքեր կան մտածելու:

«Չեմ կարծում, որ պատերազմի արդյունքները, պատերազմյան շրջանում կառավարման համակարգի անկատարությունը կամ իմպոտենտությունն է էլ ավելի սրում հարցը խորհրդարանականից՝ կիսանախագահականի անցնելը, որովհետև առանց այն էլ խորհրդարանական համակարգը բավականին խոցելի է մեր երկրի դեպքում, հատկապես այնպիսի հասարակության համար, որի զգալի մասը ոչ թե իր կյանքը կապում է քաղաքական կայուն համակարգի, աշխատանքի և համակարգային պայմանների հետ, այլ հույսը դնում է մի մարդու, «փրկչի» վրա:

Այդ պատճառով՝ ավելի ճիշտ է, որ լինի նախագահ, ավելի մեծ լիազորություններով, թեև ինչպես մենք տեսնում ենք, այսօրվա խորհրդարանական կոչվող համակարգում էլ վարչապետը ունի այնպիսի լիազորություններ, որը չունեին մեր երեք նախկին նախագները»,- նշեց նա: 

Հակոբյանի կարծիքով՝ կիսանախագահական համակարգի անցման դեպքում մենք կունենանք կայուն քաղաքական համակարգ, քանի որ այսօրվա քաղաքական մեծամասնությունը Խորհրդարանում չունենալով ձայների 2/3, հայտնվելու է Սահմանադրական ճգնաժամի առջև և դա կարող է բերել հերթական արտահերթ ընտրությունների, ինչպես որ կանխատեսում են որոշ քաղաքական գործիչներ: 

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Սահմանադրության փոփոխությունը հայ հասարակությանն այդքան էլ չի հետաքրքրում, քանի որ այն բարդ թեմա է և ոչ բոլորին հասանելի, բացի այդ Սահմանադրական փոփոխություն իրականացնելու ժամանակ հասարակությունը չի նայելու բովանդակությանը, այլ թե ով է առաջարկողը, ո՞վ է կողմ, կամ դեմ.

«Դա լինելու է ոչ թե հանրաքվե քաղաքական համակարգի շուրջ՝ խորհրդարանական, կիսանախագահական, նախագահական, թե ստրկատիրականին անցնելու, այլ առաջնորդվելու են այն հանգամանքով, թե ով է նախաձեռնողն և ով է դեմ, այսիքն՝ դառնալու է վստահություն՝ տվյալ անձի շուրջ»,-քաղտեխնոլոգը:

--00--ԿԿ