Քրիստինա Վարդանյանը ոլորտի ճանաչված բարձրակարգ մասնագետ է․ Կարապետյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մի շարք լրատվամիջոցներ այսօր «Մամուլի տեսություն» բաժնում տարածել են դեղին թերթերից մեկի ապատեղեկատվությունը, թե իբր, օրենքի խախտումով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ է նշանակվել Քրիստինե Վարդանյանը, որը, ըստ հրապարակման, չի կարող այդ պաշտոնը համատեղել Երեւանի ավագանու անդամի պարտականությունների հետ:

Իրականությունը հետեւյալն է.

Քրիստինա Վարդանյանը, որը ոլորտի ճանաչված բարձրակարգ մասնագետ է, շարունակում է նախկինի նման զբաղեցնել ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ նախկին տնօրենի ազատումից հետո ժամանակավորապես կատարում է տնօրենի պարտականությունները՝ շարունակելով մնալ փոխտնօրենի հաստիքին: Հետեւաբար, ավագանու անդամի մանդատից հրաժարվելու անհրաժեշտություն չկա:

Որպես այս բամբասանքը հերքող ևս մի փաստ, նշեմ, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը մոտ օրերս տնօրենի նոր ժ/պ կունենա, և դա Քրիստինե Վարդանյանը չէ:

Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին խնդրում եմ զերծ մնալ դեղին մամուլի բամբասանքները տարածելուց»։

--00—ՄՀ