Ներդրվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին, որտեղ հոկտեմբերի 1-ից գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային նոր հարթակն ուղղված է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ու համակարգված աշխատանքների կազմակերպմանը:

Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախագահին ներկայացրել են օրեր առաջ գործարկված համակարգի հնարավորություններն ու առավելությունները: Էլեկտրոնային մաքսային հսկողությունն իրականացվում է առանց տնտեսվարողի գործունեությանը միջամտելու: 

Բեռնատար տրանսպորտային միջոցների սահմանահատման համար անհրաժեշտ  յուրաքանչյուր գործառույթի ավարտից հետո, ամբողջ տեղեկատվությունն անմիջապես մուտքագրվում է էլեկտրոնային հարթակ և տեսանելի դառնում գործընթացում ներգրավված աշխատակիցների համար:

ՊԵԿ ղեկավարն աշխատանքային այցի շրջանակում դիտարկել է սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման պայմանները:  Նա շրջել է անցակետի տարածքով, ծանոթացել է մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններով:

Ռուստամ Բադասյանը հանձնարարել է շարունակել մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը, կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

--00--ԱՀ