Կվերադառնանք, երբ սնդիկի փոխարեն երկրի խնդիրները քննարկեք. ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեքշաբթի լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի, որ իշխանությունները երկուշաբթի երեկոյան հրաժարվեցին հրավիրել օրենսդիր մարմնի արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում ընթացող իրադարձությունները։ 

«Կվերադառնանք, երբ սնդիկի փոխարեն երկրի առջև ծառացած խնդիրները քննարկեք», - հայտարարեց «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ԱԺ օրակարգում կարևոր հարցերի փոխարեն ընդգրկված է «սնդիկի մասին հարց»։ 

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստի անցկացում, սակայն ԱԺ խորհուրդը հրաժարվել էր այն վերցնել քննարկման՝ ընդգծելով, որ արտահերթ նիստ անցկացնելու հայտի մեջ կան սխալներ ու անճշտություններ։ 

Նախորդ կիրակի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում՝ Սիսիանի և Ջերմուկի մոտ, հակառակորդը ներխուժել էր ՀՀ տարածք՝ փորձելով ապահովել դիրքային առավելություն։ Այս լուրը նաև երկուշաբթի հաստատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այդ իրադարձությունների ֆոնին աշխատանքից ազատել էր պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին՝ նրա փոխարեն նշանակելով իր թիմակից, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ 

--00—ԼՄ