Ճամբարակի օդում ԱԹՍ մի 10 օր առաջ ես եմ տեսել․ փոխհամայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Պատերազմ

Նոյեմբերի 16-ի մարտերի օրը Ճամբարակի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի եղել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի փոխհամայնքապետ Ռոբերտ Օհանյանը։

«Առանձնապես լարվածություն չկա, զգացվում է, որ դիրքային փոխհրաձգություն է լինում, բայց ագրեսիվ բաներ չեն եղել։ Սովորականի նման, այդ օրն արտառոց բան չի եղել։ Ինչպես երեկ, այնպես էլ այսօր հարաբերական կայուն վիճակը մնում է», - նշեց Ռոբերտ Օհանյանը։

Երեկ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրում տրակտորի վրա էր կրակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ «Մի քանի կրակոց է եղել, մի 40 րոպե առաջ դադարել է: Գյուղի վերջին հատվածում տրակտոր ունեինք, որ ուզել են քշել, գալ գյուղ, այդ ժամանակ են սկսել կրակել», - ասել էր Երանոսյանը՝ հավելելով, որ տուժածներ չկան:

Անդրադառնալով Վերին Շորժայում տեղի ունեցածին՝ Ճամբարակի փոխհամայնքապետն ասաց․ «Մեզ մոտ ինտենսիվ կրակոցներ չկան, դիրքային թեթև կրակոցներ են լինում, մենք էլ, իրենք էլ [ադրբեջանցիները] ցույց ենք տալիս, որ զգոնություն կա»։

Ըստ Օհանյանի՝ դիրքային կրակոցները հիմնականում երեկոյան, գիշերային ժամերին են լինում․ «Պատահում է, որ ցերեկն էլ է լինում իրավիճակի հետ կապված»

Ճամբարակ համայնքի օդում երբեմն ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքերն են երևում։ «Երևում են մեկ-մեկ, մի 10 օր առաջ ես եմ տեսել։ Երեկոյան ժամին տեսնում ես իր թարթիչ լույսը, գալիս-պտտվում է ուղղակի, անհետանում», - եզրափակեց Ռոբերտ Օհանյանը։

Ճամբարակ քաղաքի միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 1.5կմ է, 15 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ։ Համայնքը գտնվում է 1990-ականների պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Արծվաշեն համայնքի ուղղությամբ, որը Գեղարքունիքի մարզի էքսկլավն է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Նույն օրը պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք էր բերվել կրակի դադարի համաձայնություն, ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր։

ՊՆ-ի այսօրվա տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտերի ընթացքում հայկական կողմն ունի 6 զոհ։ Կան գերեվարված, անհետ կորած զինծառայողներ։ Հայկական կողմն ունի նաև մարտական դիրքերի կորուստներ։

--00--ԿԿ