Թող բոլորիս սրտացավ աշխատանքը ծառայի ի շահ ոլորտի․ ՀԱԷԿ տնօրենի ուղերձը՝ Էներգետիկի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առթիվ: 

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ, ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, լավագույն ու ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:

Հայաստանի Հանրապետության համար դժվար ու պատասխանատու այս ժամանակաշրջանում ձեզանից յուրաքանչյուրի պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ էներգետիկայի ոլորտը կայուն հիմքերի վրա է: Այդ առումով այս տարին առավել հատկանշական էր ՀԱԷԿ-ի համար՝ պայմանավորված պլանային վերանորոգման և արդիականացման աշխատանքների աննախադեպ մեծ ծավալով և այդ նպատակով թիվ 2 էներգաբլոկի տևական կանգով: Բայց յուրաքանչյուրիդ ներդրած ջանքերի ու մասնագիտական հմտությունների շնորհիվ հաջողվեց առանց զգալի բարդությունների հաղթահարել այս կարևորագույն փուլը:

Հաջողության գրավականներից մեկն էլ, ինչ խոսք, այն է, որ շարունակենք արժանապատվորեն հետևել մեր նախորդների ավանդույթներին՝ վստահելով տարիների նրանց փորձին ու անմնացորդ նվիրումով կատարած աշխատանքին:

Թող բոլորիս սրտացավ աշխատանքը, անկոտրում կամքը և մասնագիտական կարողությունները շարունակաբար ծառայեն ի շահ մեր ոլորտի հետագա զարգացման:

Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, անսպառ եռանդ, նորանոր աշխատանքային ձեռքբերումներ և ամենայն բարիք:

Խաղաղություն, լույս և ջերմություն բոլորիս ընտանիքներում»:

--00—ԼՄ