Իսագուլյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է մեկուսացված՝ ցուրտ սենյակում. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց պարզաբանումներ ներկայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Աննա Ծառուկյանը՝ ահազանգելով, որ Իսագուլյանին պահում են կարանտինային պայմաններում և շատ ցուրտ սենյակում։

«Ոչինչ չեն ասում։ Հարցնում եմ՝ քննիչն է որոշել, ՔԿՀ պետն է որոշել, ո՞վ է որոշել, ինչն է հիմքը՝ ձայն չկա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իրեն խնդրել են տեղեկությունը ճշտել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որտեղից ևս պատասխանել են, որ չգիտեն, թե ինչ հիմքով են տեղափոխել։

Ավելին՝ պարզվում է քննիչը նույնպես տեղյակ չէր, որ Իսագուլյանին տեղափոխել են այլ ՔԿՀ։

Փաստաբանը ստիպված դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր մտահոգությունները հայտնելով։

«Յոթ օր այնտեղ են կարանտին պահել, հիմա էլ՝ կրկին կարանտինային կարգավիճակ»,- նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դեռևս սպասում է ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներին։

--00--ԱԹ