Ուկրաինան լքող հայերին Սլովակիայի կառավարությունն ապաստան է տրամադրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

հասարակական

Սլովակիայի կառավարությունը պայմաններ է ստեղծել ռուս-ուկրաինական ռազմական էսկալացիայի հետևանքով Ուկրաինան լքողներին ապաստանելու համար։ Այս մասին 24News-ին ասաց Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը, որը զբաղվում է Ուկրաինայից դեպի Սլովակիա անցնող հայերի տեղափոխման հարցերով։ 

Ըստ նրա՝ բացի կառավարությունից աջակցություն են ցուցաբերում նաև հասարակական և մարդասիրական տարբեր կազմակերպություններ։ Հակոբյանը դժվարացավ կոնկրետ նշել, թե քանի հայկական ծագումով Ուկրաինայի քաղաքացի և Հայաստանի քաղաքացի է անցել ու ապաստանել Սլովակիայում։ «Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև որոշները եկել են ծանոթների միջոցով, մի մասը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, ճանապարհը շարունակել է Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ»։

Հյուպատոսի խոսքերով՝ սահմանին կուտակումները բավականին շատ են։ «Հայերի համար կացարանի խնդիր բացարձակ չկա, կարիքի դեպքում դիմավորում եմ, ավտոկայարանից կամ երկաթուղային կայարանից տանում, տեղավորում եմ, Սլովակիայի կառավարության աջակցությամբ ապահովվում է նաև սննդի հարցը՝ օրը 3 անգամ։ Խնդիր է առաջանում անցակետում, երբ անձնագրում համապատասխան կնիքը դրված չի լինում, բանակցում ենք ՆԳՆ-ի հետ, որպեսզի այդ մարդկանց կացությունը Սլովակիայում չհամարվի անօրինական։ Սահման անցնողներն ավելի շատ են, քան ապաստան խնդրողները, որովհետև Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ ևս առաջարկում են իրենց մարդասիրական աջակցությունը»։ 

«Ըստ մեր ԱԳՆ-ի հանձնարարականի՝ սահմանամերձ տարածք է գործուղվել նաև դիվանագետ, որը փորձում է տեղեկանալ հայերի առկայության մասին և ուղղորդել նրանց։ Անցակետերում տեղեկատվական պաստառներ են տեղադրվել, որ մարդիկ ունենան ՀՀ դեսպանատան և իմ կոնտակտները, որպեսզի կարիքի դեպքում կապ հաստատեն։ Հենց առաջին օրվանից կապ եմ հաստատել Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքի հայկական համայնքի ղեկավարության հետ և հայտնել իմ պատրաստակամությունը աջակցել Ուկրաինայից Սլովակիա մեկնող մեր հայրենակիցներին։ Կոնտակտները նաև փոխանցվել են Ուկրաինայի հայերի միություն», - ասաց Բագրատ Հակոբյանը։

Հյուպատոսն ասաց, որ Ուկրաինայի տարբեր մարզերից հեռախոսազանգեր է ստանում և հիմնական մտահոգությունն է լինում, թե արդյո՞ք Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է Շենգենյան վիզա Սլովակիա մուտք գործելու համար։ «Բանակցել եմ Սլովակիայի համապատասխան մարմինների հետ, անկախ նրանից՝ մարդիկ ունեն Ուկրաինայում կացության իրավունք, թե ոչ, իրենց մուտքը Սլովակիա կլինի առանց խոչընդոտ։ Պատճառաբանել եմ՝ քանի որ Ուկրաինայում կա բազմահազարանոց հայկական համայնք, օրինակ՝ մարդիկ հյուր են գնացել, և պատերազմը սկսել է։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ կացության իրավունքը չլինի պայման», - ասաց Բագրատ Հակոբյանը։

Հակոբյանը նաև կարևորեց, որ հայ քաղաքացիները հետևողական լինեն, որ սահմանը հատելիս անցակետում համապատասխան կնիք լինի անձանագրում, թե երբ են հատել սահմանը, որ հետագայում Սլովակիայից հեռանալիս խնդիրներ չլինեն։ «Կան դեպքեր, որ հայ քաղաքացիները ցանկանում են վերադառնալ Հայաստան, այս դեպքում դեսպանատան հետ միասին կազմակերպում ենք նրանց վերադարձը», - եզրափակեց նա։

--00--ԿԿ