Հայկ Մարությանի դեմ նյութե՞ր են նախապատրաստվում․ մանրամասնում են իրավապահները

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News     

ա

Հակակոռուպցիոն կոմիտեն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է տեղեկությունը՝ արդյոք Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի դեմ նյութե՞ր են նախապատրաստվում։

Երեկ Shamshyan.com կայքը գրել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։

Shamshyan.com-ը գրել էր, որ Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հ․ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու, արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն:

24News-ի տեղեկություններով, նյութերը նախապատրաստվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղից սակայն չհաստատեցին այս տեղեկությունը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը 24News-ին հայտնեց, որ ոստիկանությունում առհասարակ նյութեր չեն նախապատրաստվում։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը 24News-ին ասաց, որ ՔԿ-ում այս թեմայով որեւէ գործընթաց չկա։

 

Սերգեյ Առաքելյան

 

--00—ԱՊ