Մի շարք հանգամանքներ կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի նորից բարձրացմանը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

26b799a3-bbaf-40ac-9253-6389de9c5521.jpg

Մի շարք հանգամանքներ կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի նորից բարձրացմանը։ Այս մասին 24News-ին ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

Դավթյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ էներգետիկ համակարգին առնչվող տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում 2023 թ. փետրվար ամսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը: Պլանավորվում է, որ միջին կշռված սակագինը կբարձրանա մոտ 5 դրամով:

Փորձագետը նշել էր, որ որ թեև սա դեռևս վերջնականապես ճշտված տեղեկություն չէ, նման զարգացումն առավել քան տրամաբանական կլինի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝

ա. շուկայի խիստ ժամանակավրեպ ազատականացումը,
բ. վարկային հսկայական բեռը,
գ. գազի գնի բարձրացումը խոշոր սպառողների, այդ թվում՝ ՋԷԿ-երի համար,
դ. համակարգի ապաանվտանգայնացումն ու անփույթ կառավարումը և այլն։

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենն ասաց, որ վարկային բեռը տարիների ընթացքում Հայաստանի էներգետիկ համակարգի մոդեռնիզացման համար էր. «Այստեղ մենք խոսում ենք էլեկտրական ցանցերի, բարձրավոլտ ցանցերի և ատոմակայանի մոդեռնիզացման համար ներգրավված վարկի մասին և այլն։ Եթե հիշում եք, անցած տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ ատոմակայանի մոդեռնիզացումը շատ լուրջ բեռ կդառնա էլեկտրաէներգիայի սակագնի համար։ Փետրվարի 1-ին սակագնի բարձրացումը պայմանավորված էր նախևառաջ այս հանգամանքով։ Պետք է նաև հաշվի առնենք, որ փետրվարից Հայաստանի էներգետիկ շուկան ազատականացվեց, ինչը ժամանակավրեպ լուծում էր»։

Դավթյանի խոսքերով՝ Եվրոպական միությունում բազմաթիվ փորձագետներ և էներգերտիկ քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներ հայտարարում են, որ ազատականացման քաղաքականությունը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի։ «Մասնավորապես Եվրոպայում հանգեցրել է էլեկտրաէներգիայի գնի կտրուկ բարձրացման, որը սկսել է նախքան ուկրաինական դեպքերը, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը։ Այնպես որ, պետք է հանգամանքների համալիր առանձնացնենք, որը բերում է սակագնի բարձրացման։ Ինչ վերաբերում է եկող տարվա փետրվարի 1-ից սակագնի բարձրացմանը, գրառման մեջ էլ ասել եմ, որ որոշ ներքին աղբյուրներից ստացված տեղեկատվություն է, որը ճշտման կարիք ունի։ Բայց մի քանի աղբյուրներից, որոնք ուղիղ առընչվում են էներգետիկ համակարգին», - պարզաբանեց փորձագետը։

Հարցին՝ սա կբերի՞ ապրանքների գնաճի, Վահե Դավթյանը պատասխանեց, որ դեռ պետք է հաշվարկ անել չոր թվեր նշելու համար։ «Ամեն դեպքում խոսքը միջին կշռված սակագինը բարձրացնելու մասին է։ Ակնհայտ է, որ սա խորացնելու է աղքատությունը, գուցե սակագինը չբարձրացվի նպաստ ստացող սոցիալապես ծանր վիճակով ընտանիքների համար, եթե չեմ սխալվում՝ մոտ 100 հազարն են։ Բայց մնացած դեպքում արտադրող, ծառայություն մատուցող ոլորտների համար խնդրահարույց է լինելու՝ հաշվի առնելով, որ իրենք ստիպված են լինելու բարձացնել ծառայությունների, ապրանքների գները և այլն», - եզրափակեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատլյա Սարջանյանը 24News-ին ասաց, որ սակագնի հետ կապված ցանկացած հարցով պետք է ՀԾԿՀ-ին դիմել, ոչ թե ՀԷՑ-ին։ «Սակագինը ՀԷՑ-ի որոշելու հարցը չէ, որ քննարկումներ ունենա կամ չունենա, դա հանձնաժողովի խնդիրն է», - եզրափակեց Սարջանյանը։

ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը 24News-ին ասաց, որ «այս պահին նման քննարկում չունենք» հանձնաժողովում։

 --00—ԶՀ