Հունաստանը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հունաստանը հաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Հունաստանի ԱԳՆ-ն:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

--00--ԱՀ