Աշխատանքային այցով Բուլղարիայում գտնվող նախագահը Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։

Պլովդիվի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Զդրավկո Դիմիտրովը նշել է, որ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում Հայաստանի նախագահի այցին։ 

«Պլովիդում բավական մեծ հայ համայնք կա, ինչի համար մենք շատ հպարտ ենք։ Բուլղարիայում միակ հայկական դպրոցը նույնպես տեղակայված է այստեղ, որը գործում է 1834 թվականից ի վեր, մեր քաղաքում կա նաև հայկական եկեղեցի»,- ասել է Զդրավկո Դիմիտրովը և հակիրճ ներկայացրել քաղաքի զարգացման ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Բուլղարիայի բարեկամական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ: Նախագահի խոսքով՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծվել են լավ պայմաններ, որի արդյունքում նրանք իրենց գործունեությամբ փորձել են զգալիորեն նպաստել Բուլղարիայի և հատկապես Պլովդիվի զարգացմանն ու առաջընթացին:

Հանդիպման ընթացքում Զդրավկո Դիմիտրովը առանձնահատուկ նշել է Պլովդիվի ազգությամբ հայ քաղաքապետերի մասին, որոնցից մեկը Տիրան Պարիկյանն է եղել (1971-1979 թթ), ով ակնառու ներդրում է ունեցել քաղաքի ժամանակակից տեսքի ձևավորման գործում։ Հայազգի Կարապետ Թովմասյանը Պլովդիդվի քաղաքապետ է եղել 1991-1995 թվականներին, հարգարժան բժիշկ և հասարակական գործիչ էր և իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է ժամանակակից կառավարման մի շարք մոդելներ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Պլովդիվ կատարած այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանն այցելել է նաև Ֆիլիպպոպոլիսի հնագույն թատրոն, Վիկտորիա և Գրիգոր Թութունջյանների անվան միջնակարգ դպրոց, Պլովդիվի «Սուրբ Գևորգ» հայ առաքելական եկեղեցի և բուլղարահայ Հինդլիյանի անվան տուն թանգարան։

--00—ԼՄ