Վերջին քայլը առաջինից առաջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ս

 

«Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում, փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ». Հրանտ Մաթևոսյան, «Գնալու և հասնելու ճանապարհը», 1996թ., սեպտեմբեր 19, «Հայաստանի Հանրապետություն»

Տարածված կարծիքի համաձայն կյանքը շարժվում է դեպի առաջ, բայց փորձի տրամաբանությունը գալիս է հուշելու, որ կյանքը ժամանակի ծածկույթի տակ գտնվող ճանապարհ է, որի որ հատվածում և երբ կգտնվես՝ կախված է քեզանից կամ մի իրավիճակից, որից դու ես կախված, ինչը պատճառահետևանքային իմաստով նորից բերում է դեպի քեզ։ Պետությունը նույնպես մի ամբողջության կենսության արտահայտություն է և այն կարգավիճակում, որում գտնվում է, պայմանավորված չէ ժամանակի առաջընթացով։

Այս տեսանկյունից նայելու դեպքում Հայաստանը գտնվում է արագացող հետընթացում։ Սակայն պարադոքսն այն է, որ հայը` հավաքական առումով թե որպես պետություն, թե որպես ազգ, իր պատմական, եթե կուզեք՝ քաղաքակրթական կուլմինացիան չի ապրել հազարամյակների մեջ։ Կան վերելքի շրջաններ` կարճատև, որոնք բռնկվել և բեկվել են՝ այդպես էլ համակարգային բնույթ չստանալով, և ամենից շատ առկա են պատմության պատերի ներքո ծեփծեփված քարշ գալու երկարատև տևողությունները։

Պետականության տեսանկյունից այսօրվա դրությունը վատթարագույններից է, երբ կառավարող վարչակազմը՝ որպես ղեկավարություն ու ընդդիմությունը՝ որպես հավակնորդ, քաղաքական միավոր, իրար հաջորդելով պարտվել են, և հասարակությունը գտնվում է համապարփակ անտարբերության մեջ։ Այս մթնոլորտը ձեռք է տալիս բոլորին. հանրապետության ներսում կառավարիչներին և ընդդիմացողներին` դիրքերը պահպանելու առումով, դրսի ուժերին` իրենց նպատակներն ու պատկերացումները ի կատար ածելու համար։ Մինչդեռ խուլ ու կույր ձևացողների այս հանրույթում ոտքի տակ է անցնում Հայաստան պետությունը։

Եվ այսպես էլ շարունակվելու է, մինչև ներսում գործող անձիք չփոխվեն, բայց... Լինելով պատմագիտության մեջ այն համոզմունքի կրողը, որը անհատն է գործընթացների գեներացնողը, ժամանակի կերտողը և քրոնիկոնի հեղինակը, մեր պարագայում գալիս ենք նրան, որ դեմքերի փոփոխությունը մեզ մոտ զուտ հոգեբանական նշանակություն է ունենում և չի փոխում իրավիճակի էությունը։ 94թ. -ի պատերազմին հաջորդած հրադադարային փուլը գլխիվայր շուռ եկավ հոկտեմբերի 27֊ի պետականադավ ոճրագործությունից հետո, և ստեղծագործական շրջանի համար նախատեսված հնարավորությունները չօգտագործվեցին ի շահ, այլ դուրս եկան ընդդեմ, ինչը բերեց երկրի դիմազրկմանը և պետության կշիռը կորցնելուն։

Վերջին քսան և ավելի տարիներում խրվելով խորը մեկուսացման մեջ, դուրս մնալով ռեգիոնալ տնտեսական ճյուղավորումից, իջեցնելով անկախության նշաձողը, արտաքին աշխարհում ապավինելով մեկ բևեռի, ներսում զարկ տալով գավառամտությանը, դեմագոգիային և պոպուլիզմին, չզարգանալով ու վանդակավորվելով և հայտարարելով, որ սա է Արցախի պահպանման գինը ու ստատուս֊քվոյին երկարացմանը կից հետևելով իշխանության երկարակեցության նպատակին միայն՝ այսպես եկանք ու կանգնեցինք համահայկական համաշխարհային խայտառակության ջարդված տաշտակի առաջ և շարունակում ենք մնալ այդտեղ` կեղծ թեզերին տուրք տալով։

Սա վերջն է, որից հետո նոր սկիզբ չի լինելու, եթե գոնե վերջում վերջին քայլը անսխալ չորոշվի և անվրեպ չիրականացվի։ Օրվա հայրենական քաղաքական էլիտան զուտ դերակատար է, իմիտատորների հավաքածու, ոչ թե ինքնուրույն գործող երևույթ։ Նրանց խնդիրը իշխանությունը պահելու կամ վերցնելու մեջ է և որովհետև թույլ են` ապավինում են արտաքին ուժերի աջակցությանը, վերջիններս էլ պահում են մարիոնետներին սեփական օգտագործման համար։ Ջարդված սրունքներով ծնկած Հայաստանը` անդեմ ու անուժ, զուտ որպես աշխարհագրական մարմին է հետաքրքիր բոլորին։

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների այս կամ այն ձևով լուծումից հետո ՀՀ֊ն վերածվելու է ճանապարհների քարտեզի մի կտորի, գումարների և ապրանքների անցկացման տեղանք֊միջանցքի` կարճ ասած ամեն ինչի, բացի ինքնիշխան պետությունից։ Անձերի (չգրենք անհատների) փոփոխությունը չի բերելու համապետական փոփոխության, եթե չլինի այն առաջնորդը որն ունակ կլինի ձևակերպելու ԳԵՐԽՆԴԻՐԸ` զերծ ազգայնական ավանդական լալահառաչ ծայրահեղական բաղադրություններից, բնորոշելու իրատեսական նպատակը, հստակ հասկանալու խնդիրները և մինչև վերջ պայքարողի կամք դրսևորելու միջոցների իրագործման մեջ` այս ամենը ոգեղենությամբ առաջ տանելով։ Սա է վերջին քայլը, որը պիտի արվի այս ցիկլը փակելու և ելքի ճշմարիտ ճանապարհի վրա դուրս գալու ու ճշգրիտ քայերով առաջանալու համար։

Գոլ վիճակը, որը վաղուց տիրապետող է հայաստանյան միջավայրում, չի բխում այն հայերի շահերից որոնք իրենց կյանքն ու գործը տեսնում են միայն Հայաստանի կենսատարածքում։ Նրանց մի ուժի մեջ կենտրոնացնելով՝ հնարավոր կլինի հայաստանակենտրոն գաղափարը վերադարձնել տիրապետող դիրքերի։ Հայաստանը՝ որպես պետություն, իր տեղն ու դիրքը պիտի հետ բերի և գործի ինչպես տարածաշրջանում որպես ռազմաքաղաքական սուբյեկտ, այնպես էլ ասելիք ունենա աշխարհում` հոգևոր և մշակութային, գիտական, սպորտային լեզվով խոսելով։

Սակայն այս ամենը լոկ գրվածքներ կմնան, եթե մեր մեջ յուրաքանչյուր բանական էակ գիտակցումից բացի չանցնի գործի, քանի որ 1792թ. ֆրանսիական դեկլարացիայի հնչեցրածը` «Քաղաքացինե՜ր, Հայրենիքը վտանգված է», ավելի քան ներկա ժամանակների Հայաստանի մասին է։ Եվ եթե բաց ենք թողնում լրջանալու պահը, ապա վերջնականապես հասնելու ենք անլրջության հատակին։ Նապոլեոնի մեծ երկրպագու, ֆրանսիացի գործիչ, լրագրող Ռեդերերի այն ասվածը, որ «Ժողովուրդը հրաժարական տվեց» (1790֊ների երկրորդ կես) ուղիղ վերաբերում է մեր այժմյան հասարակությանը։

Սա շրջել է պետք, որպեսզի վերջին հայրենիքը պատմության մաս չդառնա` տարրալուծված տիեզերքում` կանչում ես՝ չկա, փնտրում ես՝ չես գտնում, ուզում ես բռնես` ընկնում ես օդում։ P.S Այսօր, այս պահին Արցախի հումանիտար շրջափակումը հերթական ապտակի շառաչյունն է և տևական թուլության վկայությունը։ Սա նշանակում է, որ անում են ինչ և երբ ուզում են, և դա գալու է ու ծածկի բոլորիս և մեզ հետ կապված ամեն ինչը, եթե հիմա չփոխվի մտածելու բովանդակությունը ու վարքականոնի ձևը։ Ձև անել, թե ապրում ես, բայց իրականում չկաս՝ ինքնախաբեության այն դրսևորումն է, երբ իմիտացիան նախընտրելի է իրականությունից։

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս

--00—ԱՊ