Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

mycollages_1_73

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման։ Զելենսկին նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտերկրյա ուղևորությունն է փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։

Զելենսկին հայտնել է, որ իր այցի նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունները և Բայդենի հետ քննարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը։

Գործակալությունը նշում է, որ Զելենսկիի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ օրենսդիրները պետք է քննարկեն Ուկրաինային 45 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրելու հարցը։

Բացի այդ, ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը՝ Պենտագոնը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 1,8 մլրդ դոլարի ռազմական աջակցության փաթեթ, որն առաջին անգամ կներառի Patriot զենիթահրթիռային համալիրներ։

Զելենսկիի այցի նախօրեին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտնել էր, որ Ջո Բայդենը անհամբերությամբ սպասում է իր ուկրաինացի գործընկերոջ այցին, և որ Կոնգրեսում Զելենսկիի ելույթը ցույց կտա Ուկրաինային ուժեղ աջակցությունը ԱՄՆ երկու կուսակցությունների կողմից։

Գործակալությունը նշում է, որ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները չեն տեսնում հակամարտության շուտափույթ հանգուցալուծում և պատրաստվում են ռազմական գործողությունների ձգձգման։ Միևնույն ժամանակ, Բայդենը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզինի և կուսուցանի ուկրաինական ուժերին, սակայն ամերիկյան ուժերն ուղղակիորեն չեն ներգրավվի հակամարտությունում։

--00—ՅՄ