Ադրբեջանը Լաչինի միջանցքի բացման նախապայման է մատնանշում անցակետերի տեղադրումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

1653503488_052522a0d5b87d5fa148d384903ec113c9f15e

Այդ առաջարկը հայկական կողմին ներկայացվել է՝ որպես Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման լուծում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Լաչինի և Հայաստանի միջև անցակետ տեղադրելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին, որը նա արել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք գիտենք, որ խնդրի (Լաչինի միջանցքի ապաշրջափակման-խմբ․) լուծման կոչեր կան։ Որպես այդպիսի լուծում՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ կայացած հանդիպման ժամանակ, ապա նաև պանելային քննարկումների ընթացքում առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել «ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին»։ Դա կարող է ապահովել միջանցքի թափանցիկությունը, ինչի բացակայությունը լուրջ խնդիրներ ու հարցեր է առաջացնում։

Անցակետեր տեղադրելու առաջարկի քննարկումների ժամանակ միջազգային մեր գործընկերներից լսում ենք դրա նպատակահարմարության մասին փաստող գնահատականներ։ Մյունխենի հանդիպման ժամանակ այս առաջարկին հստակ պատասխան չի տրվել (Նիկոլ Փաշինյանի կողմից-խմբ․)։ Սակայն երկու օր անց Հայաստանի ԱԳ նախարարը, անդրադառնալով առաջարկին, առանց որևէ բացատրություն ներկայացնելու, հայտարարել է, որ այն Հայաստանի համար ընդունելի չէ»,- ասել է Բայրամովը։

--00—ՅՄ