Բռնված ադրբեջանցու մոտ եղել է ԶՊՄԿ սպանված պահնորդի հեռախոսը. Քաջարանի համայնքապետ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

փ

Կապանի ճանապարհին այսօր բռնված ադրբեջանցի զինծառայողի մոտ գտել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախօրեին սպանված պահնորդի հեռախոսը։ Իր ունեցած տեղեկությունը 24News-ին հայտնեց Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

«Իմ տեղեկություններով, նրա մոտից հանել են պահնորդի հեռախոսը»,- ասաց համայնքապետը։ Փարամազյանը բացառեց, որ ադրբեջանցի զինծառայողը պահնորդին սպանած լինի հենց վերջինիս զենքով։

Համայնքապետի տեղեկություններով, պահնորդի մոտ եղել է սեփական զենքն ու մի որսորդական հրացան, իսկ նրա մարմնում հայտնավերված փամփուշտները եղել են այլ զենքից։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։00-ին մոտ Կապանի ճանապարհին Աճանան բնակավայրից Գոռ Օհանջանյանն ու ընկերը պատահական բռնել էին Հայաստանի տարածք մտած 2 ադրբեջանցի զինծառայողներից 2-րդին, որի որոնողական աշխատանքները մեծ ծավալով երեկվանից մեկնարկել էին։

Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել էր հեռախոս, ինքնաձիգի փամփուշտներ, դիմակ, պտուտակահան և այլն։ Այսօր Shamshyan.com-ը, հղում անելով իր տեղեկություններին, գրել էր, որ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ըստ կայքի՝ Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում տեղակայված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետում հայտնաբերել է Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանի դին:

«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված էր կայքում։ Հետագայում այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվել էր։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ