Մինսկում կայացել է ՀՀ-ի և Բելառուսի ԱԺ-ների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

l-0x66wh-800x466z-0.9825.jpeg

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 5-7-ը Բելառուսում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին  պատգամավորներ Մարինա Ղազարյանը և Դավիթ Դանիելյանը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը կայացել է հունիսի 6-ին` Մինսկում: Այն նախագահել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վալերի Միցկևիչը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գևորգյանը:

Քննարկվել են հայ-բելառուսական միջխորհրդարանական երկխոսությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել միջազգային քաղաքականությանը և տարածաշրջանային ընթացիկ իրադրությանն առնչվող արդի խնդիրների շուրջ: Դիտարկվել է հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության ներուժը` հաշվի առնելով ԵԱՏՄ-ում Հայաստանի և Բելառուսի անդամակցությունն ու փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը` ներառյալ երկկողմ համագործակցությանը գիտության և կրթության բնագավառում:

Որոշում է կայացվել հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ` 14-րդ նիստն անցկացնել 2024 թվականին Երևանում:

--00--ԶՀ