ՔՊ-ի ավագանիները մանդատից զրկվեցին. նրանց ձգտումը Տաթևի զարգացումը չէր. ԱԵ խմբակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Մ—Գ

24News-ը զրուցել է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանի հետ։ Հարզազրույցի ընթացքում խոսվել են համայնքի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամների մանդատները վայր դնելու պատճառների, համայնքում իրականացվող ծրագրերի, դրանց արդյունավետության և զարգացման հիմնական ուղղությունների կարևորության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

 

-Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից։ Կմանրամասնեք՝ ինչու՞ են քպ-ական ավագանու ներկայացուցիչները զրկվել մանդատներից, քանի՞ հոգի են զրկվել։ 

- 2021 թվականին տեղի ունեցած Տաթև համայնքի ավագանու համամասնական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից յոթ անձ ընտրվել են համայնքի ավագանու անդամներ։

2021 թվականի նոյեմբերի 15–ի համայնքի ավագանու անդրանիկ նիստից մինչև հիմա ավագանու նախաձեռնված 24 և տեղի ունեցած 16 նիստերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված Տաթև համայնքի ավագանու անդամներից՝ մեկը ընդհանրապես չի մասնակցել որևէ նիստի, հինգ ավագանու անդամներ մասնակցել են ընդամենը երկու նիստի, մեկ ավագանու անդամ մասնակցել է երեք նիստի։ Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար հիմք է հանդիսացել 2022 թվականի աշնանային նստաշրջանը, քանի որ նշված նստաշրջանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տաթև համայնքի ավագանիներից 6–ը անհարգելի բացակայել են նստաշրջանի ընթացքում նախաձեռնված և տեղի ունեցած բոլոր նիստերից։

 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70–րդ հոդվածի 2–րդ մասով է սահմանված, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից։

Եվ ես, հաշվի առնելով դա, որպես Տաթև համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, նախաձեռնել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տաթև համայնքի ավագանու 7 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ գործընթացը՝ նրանցից յուրաքանչյուրի լիազորությունների դադարեցման մասին որոշումների նախագիծ առաջ բերելով։ Այնուհետ  համայնքի ավագանու «Ապրելու երկիր» և «Շանթ» դաշինք խմբակցությունների ավագանու բոլոր անդամներով ավագանու որոշման նախագծերի քվեարկության ժամանակ կողմ ենք քվեարկել ներկայացված որոշման նախագծերից 6–ին, այսպիսով վաղաժամկետ դադարեցրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու 6 անդամների լիազորությունները։

Որոշման նախագծերից 1–ին  «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամներս և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության ավագանու 1 անդամ դեմ ենք քվեարկել՝ թողնելով, որ տվյալ ավագանու անդամը շարունակի ավագանու իր լիազորությունները, վերջինիս նկատմամբ իմ դիրքորոշումը բխել է՝ պայմանավորված նստաշրջանի ընթացքում նիստերից մեկին նրա մասնակցությամբ և համայնքի զարգացման համար կարևոր որոշմանը կողմ քվեարկելու հանգամանքով։

-Ինչի՞ համար եք «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» կուսակցությունների թիմերի ավագանիների մասին խոսելուց նրանց ներկայացնում որպես խմբակցության անդամներ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիներին՝ ոչ։ Արդյոք կա՞ միտում։

-Լավ հարց է, փաստորեն, նկատեցիք իմ խոսքում այդ տարբերակումը։

Այո՛, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ կուսակցությունների կողմից համամասնական ցուցակներով առաջադրված և ընտրված ավագանու անդամները համայնքի ավագանու առաջին նիստում պետք է համայնքապետարանի աշխատակազմ ներկայացնեն համանուն կուսակցությունների անվամբ ձևավորված խմբակցությունների կանոնադրությունները, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված ավագանիները այստեղ նույնպես գերազանցել են իրենց անտարբերությունը իրենց իսկ ստանձնած պարտավորությունների և համայնքի նկատմամբ հաշվետու լինելու հարցում՝ այդպես էլ չձևավորելով խմբակցություն։

-Ըստ Ձեզ, ինչու՞ էին իրենք բացակայում, դրանով ի՞նչ հարց էին փորձում լուծել։

-Սկզբում մտածում էի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տաթև համայնքի ավագանու նախկին անդամները նիստերից անհարգելի բացակայում են կարևոր գործերով զբաղված լինելու, տվյալ պահին տարածքից հեռու գտվելու և այլ նմանատիպ պատճառներով։ Սակայն ժամանակի հետ նրանց նմանատիպ պահվածքը իմ մոտ կարծիք ձևավորեց, որ նրանք ցանկացել են համայնքի ավագանի ընտրվել միմիայն համայնքի իշխանությունը ստանձնելու նպատակով, իսկ այժմ տեղեկացված լինելով, թե ինչպես են ճնշումներ գործադրում իրենցից հետո  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական համարներով ավագանու մանդատներ ստացած ավագանու անդամների նկատմամբ, դրանով իսկ լիարժեք համոզվեցի, որ նրանց ձգտումը ամենևին էլ համայնքի զարգացումը և բնակչության հոգսերով ապրելը չէր։

Օգտվելով առիթից ցանկանում եմ ողջունել և շնորհավորել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարներով նոր մանդատներ ստացած ավագանու իմ գործընկերներին, և հորդորել՝ որպեսզի չշարունակեն իրենց նախկին թիմակիցների գործելաոճը։ Նրանց կոչ եմ անում բարեխղճորեն իրականացնել իրենց իսկ ընտրողների կողմից վստահված առաքելությունը։

-Արդյո՞ք դրանով չեն խաթարվել համայնքային աշխատանքները, նիստերին քվորում կարողանում եք ապահովել։

-Ավագանու նախկին նշածս անդամների նիստերին չմասնակցելը ընդհանրապես չի խոչընդոտել համայնքային աշխատանքների իրականացման բնականոն ընթացքին, առանց իրենց մասնակցության էլ ավագանու նիստերին ապահովում է ավագանու սահմանված թվի մեծամասնության ներկայությունը։

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակից նոր մանդատ ստացած ավագանիները մասնակցու՞մ են համայնքի ավագանու նիստերին։

-Մանդատներ ստանալուց հետո՝ համայնքի ավագանու նախաձեռնված հերթական նիստը եղել է այսօր, սակայն նրանցից ոչ ոք չի ներկայացել նիստին։  Նախկին ավագանիների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման նախաձեռնության նպատակը հիմնականում եղել է նրանց փոխարեն նոր ավագանիների ներգրավումը, որոնք էլ գուցե համայնքի և իրենց ընտրողների նկատմամբ բարեխղճություն դրսևորելով կմասնակցեն առաջիկա նիստերին, սակայն նոր մանդատ ստացած ավագանու անդամներից երկուսը արդեն իսկ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։ Ինքս մշտապես հետևողական եմ լինելու համայնքի ավագանիների նիստերին մասնակցության վիճակագրությանը և անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից՝ նույն ճակատագրին կարժանանան ավագանու այն անդամները, որոնք անտարբերություն կցուցաբերեն իրենց ստանձնած պարտավորությունների և համայնքի բնակչության նկատմամբ։

-Ընտրություններից հետո ի՞նչ աշխատանքներ են իրականացվել համայնքում և ու՞մ միջոցներով։

-Կարող եմ հպարտորեն նշել, որ համեմատած անցած տարիների և ղեկավարման հնգամյա ժամանակաշրջանների, այժմ համայնքում իրականացվել են աննախադեպ ծավալի սուբվենցիոն և այլ զարգացման ծրագրեր։ Ծրագրերը տարաբնույթ են՝ նախադպրոցական և արտադպրոցական կրթօջախների վերանորոգում, գիշերային լուսավորության ցանցի մեծ ծավալներով կառուցում, այլընտրանքային էներգիային անցում կատարելու և բյուջեից էլեկտաէներգիայի համար ծախսվող միջոցները տնտեսելու նպատակով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, նոր ձևաչափի կրթական կենտրոնի ստեղծում, գիշերային լուսավորության գոյություն ունեցող ցանցի արդիականացում, խմելու և ոռոգման ջրի կոմունիկացիաների կառուցում և վերակառուցում, միջհամայնքային տրանսպորտային երթուղու ներդրում և այլն։

Նշված ծրագրերը հիմնականում իրականացվում են՝ համայնքի, պետության և «Ապրելու» բարեգործական հիմանադրամի միջոցներով։ Այս և այլ ծրագրերի իրականացմանը աջակցել են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ UNDP, GIZ, SDA և այլն։    

-Համայնքում համատեղ կառավարում ստանձնելով՝ ի՞նչ խնդիրներ է լուծում «Ապրելու երկիր» կուսակցությունը։

-Ինչպես և նշեցի, «Ապրելու երկիր» կուսակցությունը «Ապրելու» բարեգործական հիմանադրամի միջոցով մասնակցություն է ունեցել համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝ ապահովելով մասնավորի կողմից համաներդրումը, որի շնորհիվ էլ Տաթև համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը գումարային արտահայտությամբ  18 անգամ գերազանցել են 2021 թվականին իրականացված ծրագրերին։ Միջհամայնքային տրանպորտային միջոցի ներդրումը և կրթական կենտրոնի ստեղծումը նույնպես ամբողջովին իրականացվել է «Ապրելու» բարեգործական հիմանադրամի միջոցներով։

«Ապրելու երկիր» կուսակցության թիմի շնորհիվ՝ այժմ Տաթև համայնքի, ինչպես նաև Սյունիքի մարզի ամենաբազմազավակ ընտանիքի ապրելակերպը բարելավվելու նպատակով նախաձեռնվել և իրականացվում է հյուրատան ստեղծման աշխատանքներ։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն անմիջական ներգրավմամբ, ընտանիքի հետ նրա հանդիպումից հետո է նախաձեռնվել թիկունք կանգնել մեր երկիրը պահող այս ընտանիքին։

-Պարո՛ն Գերասիմյան, Տաթև համայնքի զարգացման գործում իր դերն է խաղում «ՏաԹևեր» ճոպանուղին։ Իրականում՝ ի՞նչ խնդիրնե՞ր է լուծում այն և ինչպե՞ս է կարողացել փոխել համայնքաբնակների կյանքը։

-Փաստ է, որ մինչև ճոպանուղու կառուցումը համայնքում առկա չէր գրեթե ոչ մի զբոսաշրջային կառույց, և զբոսաշրջիկների այցը հիմնականում լինում էր միայն Տաթևի Վանական Համալիր, սակայն ճոպանուղու կառուցումից հետո ոչ միայն Տաթևի վանական համալիրի ճանաչելիությունը բարձրացավ միջազգային հանրության մասշտաբով, այլև ճանաչելի դարձան նաև տարածաշրջանում և Սյունիքի մարզում գտնվող բազմաթիվ հոգևոր մշակութային կենտրոններ ու հուշակոթողներ։ Ճոպանուղու կառուցումը խթանեց ոչ միայն Տաթև համայնքում, այլ նաև հարևան Գորիս, Կապան համայնքներում զբոսաշրջային բազմաթիվ ենթակառուցվածքների ստեղծմանը։ Ճոպանուղու առկայությամբ պայմանավորված՝ բազմաթիվ ընտանիքներ և անձինք չլքելով իրենց բնակավայրը՝ տեղում կազմակերպել և իրականացնում են իրենց ապրուստի միջոցը վաստակելու և կյանքը բարելավելու ուղղությունները։ Անցած տարիների ընթացքում «ՏաԹևեր» ճոպանուղին համայնքի տարբեր բնակավայրերում իրականացրել է մի շարք շոշափելի սոցիալական և տնտեսական ծրագրեր և շարունակում է աջակցությունը նման ծրագրերի կյանքի կոչմանը։ 

-Այս պահին համայնքում առկա ամենամեծ խնդիրը ո՞րն է, և դա լուծելու համար ի՞նչ եք առաջարկում:

-Չնայած վերջին տարիներին էականորեն իրականացված ծրագրերի, իմ տեսլականով համայնքում առաջնահերթ խնդիրներից դեռևս չլուծված են մնում կրթօջախների ստեղծման և ընդհանրապես մշակութային կյանքի ակտիվացման, կանաչապատ տարածքների ստեղծման, շրջակա միջավայրի պահպանման, կեղտաջրերի հեռացման, ոռոգելի տարածքների ավելացման, ժամանցային և սպորտային կենտրոնների ստեղծման խնդիրները։

Խնդիրները լուծելու համար առաջարկվող տարբերակներից առաջնահերթ եմ համարում՝ համայնքում մասնագիտական կարողություններով զարգացած թիմերի և անհատների առկայությունը, քանզի ճիշտ գործելաոճով կարելի է կազմակերպել և գտնել ո՛չ միայն համայնքի առջև ծառացած խնդիրների լուծումները, այլ նաև հասնել նրան, որ համայնքը իր կարողություններով ու զարգացվածության աստիճանով  մրցունակ լինի համաշխարհային զարգացած համայնքների հետ։

--00—ԱՊ