Դատարանը մերժել է ՔՊ-ի բողոքը, «Շանթ» դաշինքը և «Ապրելու երկիրը» Տաթևում գուցե իշխանություն ձևավորեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Քաղաքական

Վարչական դատարանը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Տաթև համայնքում ընտրությունների արդյունքներն անվավար ճանաչելու բողոքը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։

Սյունիքի մարզի Տաթև համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով «Շանթ դաշինք»-ը ստացել է 6, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 7, իսկ «Ապրելու երկիր»-ը՝ 2 մանդատ։

««Քաղպայմանագրի» բողոքը մերժվել է ու ոչինչ չի փոխվել։ Ամեն ինչ մնացել է նույն  կերպ։ Մոտ օրերս ավագանու նիստ է նշանակվելու ու կարծես թե ՔՊ-ն Սյունիքի հերթական համայնքում պարտություն է կրում։ Նոյեմբերի 3-ին դատավճիռը հրապարկվեց, դատարանը մերժել է բողոքը, որով նրանք ցանկանում էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», - ասաց «Շանթ դաշինք»-ի ղեկավարը։

Ինչ վերաբերում է նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի առաջնորդած «Ապրելու երկիր» կուսակցության հետ բանակցություններին, ապա Շահեն Հարությունյանն ասաց, որ «նորմալ ընթացքի մեջ» են։

Հարցին, թե ունե՞ն վստահություն, որ «Ապրելու երկիր»-ը կաջակցի համայնքապետի թեկնածուի ընտրության հարցում, Հարությունյանը պատասխանեց․ «Առաջ չընկնեմ ինչ-որ բան ասելիս»։

Իսկ ինչ վերաբերում է փոխհամայնքապետի պաշտոնը կամ այլ պաշտոններ առաջարկելուն, ապա կուսակցության նախագահն ասաց․ «Չկոնկրետանամ, թե ինչ առաջարկներ են եղել, բայց ասեմ, որ եթե կոալիցիա պետք է ձևավորենք, բնականաբար պետք է համատեղ աշխատանք ունենանք։ Ու կուսակցության ներկայացուցիչները պետք է որոշակի պաշտոններ ունենան։ Եթե գալիս ենք համաձայնության, կկազմվի հուշագիր, կստորագրվի, ու մարդիկ արդեն հնարավորություն կունենան ծանոթանալ տեքստին»։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ ՔՊԿ-ի բողոքը Սյունիքի մարզի վարչական դատարան է ստացվել հոկտեմբերի 27-ին։  

Այս գործով պատասխանող կողմ են նշանակված եղել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը, իսկ երրորդ կողմ՝ «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք» կուսակցությունները։ Դատարանը՝ դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, մերժել է ՔՊԿ-ի պահանջը։ «Սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», - նշված է նոյեմբերի 3-ին հրապարակված որոշման մեջ։

Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մաթևոսյանը, ով ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն էր, զանգերին չպատասխանեց։ Համայնքապետարանի պաշտոնական կայքն էլ չի գործում։ Մաթևոսյանը ԺՊ է նշանակվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից մայիսի 10-ին։

«Դատարանը թողել է ուժի մեջ ընտրությունների արդյունքները, որը մեր համար ընդունելի է, քանի որ հայցն ամբողջությամբ անհիմն էր», - ի պատասխան 24News-հ հարցին՝ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, նախկին նախարար Մանե Թանդիլյանը։

Հարցերին՝ «արդյո՞ք կոալիցիոն համաձայնության եկել եք «Շանթ դաշինք»-ի կամ ՔՊԿ-ի հետ, ի՞նչ բանակցություններ եք վարում ավագանի անցած ուժերի հետ», Թանդիլյանը պատասխանել է, որ «կուսակցությունը քննարկումներ է իրականացնում «Շանթ դաշինք»֊ի հետ, ինչի մասին հանրությունը պատշաճ կտեղեկանա»։

«ՔՊԿ֊ի հետ որևէ քննարկում չենք ունեցել», - հավելեց նա։

Իսկ այն հարցին՝ «արդյո՞ք որևէ պաշտոնի ստանձման մասով համաձայնության եկել եք», Թանդիլյանը պատասխանեց, որ հնարավոր համագործակցությունը լինելու է համայնքի զարգացման մասով, ոչ թե պաշտոնների։ «Եվ կախված ծրագրերի շուրջ համաձայնության արդյունքից, պարզ կլինեն դրանց իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմն ու լծակները», - եզրափակեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։

--0--ԿԿ