Հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալը 2023 թ․ հունվար-մայիսին կազմել է շուրջ 84 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

731b166c-0f31-4a2a-b579-6e2309db0c36.jpg

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալը, որը 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ Միաժամանակ նշվել Է, որ առկա են բոլոր նախադրյալներն ավելի ակտիվացնելու երկկողմ հարաբերությունները առևտրատնտեսական ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, շինարարական ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Բելառուսում հայկական «Առևտրի տուն» հիմնելու հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը 2023 թ․ աշնանը անցկացնելու և նիստի շրջանակում հայ և բելառուս գործարարների միջև հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը։

--00—ԶՀ