Ի՞նչ են խոսել Բաղրամյանը փակած անհետ կորածների ծնողներն ու փոխոստիկանապետը. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

11

Խոսեցինք, ավելի շուտ դիմում/պահանջ գրեցինք, որը կներկայացվի ՆԳ նախարարին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողի ծնող Կարինե Մանավազյանը:

«Վարդանյանը ասաց, որ Վահե Ղազարյանը օգոստոսի 3-ին վերադառնում է, ինքն էդ ժամանակ կարող է հարցը բարձրացնել: Մենք էլ մինչև օգոստոսի 10 ժամանակ ենք տվել, որ հարցը ոչ թե բարձրացվի, այլ լուծվի»,- մանրամասնեց տիկին Կարինեն:

Տիկին Կարինեի խոսքով, ՆԳ նախարարի տեղակալը խոստացել է, որ հարցը կկարգավորվի. «Ասաց, որ անպայման կկազմակերպեն հանդիպում, կլինեն նաև մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչներ: Եթե ՆԳ նախարարն էլ չկարողացավ հարցը կարգավորել, էլ ո՞վ կամ ումի՞ց ակնկալիք ունենանք: Եթե չբավարարեցին մեր դիմում/պահանջը մենք նորից փողոց կփակենք»,- ասաց Կարինե Մանավազյանը:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ծնողների խոսքով, այլ անձնանց հետ հանդիպում չեն ուզում, հենց գլխավոր պատասխանտուին են ուզում իրենց հարցերը հղել:

Երեկ ծնողները մոտ 8 ժամ փակ էին պահել Բաղրամյան-Պռոշյան ճանապարհահատվածը՝ փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց, սակայն այդպես էլ ոչ ոք նրանց չընդունեց: Միայն աշխատանքային օրվա ավարտին ոստիկանության կենտրոնական ապարատը բանակցություններ էր վարում ծնողների հետ փողոցը բացելու համար: ՆԳ նախարարի տեղակալ Վարդան Վարդանյանը ծնողներին հրավիրեց իր աշխատասենյակ՝ քննարկում իրականացնելու, ինչն էլ ավարտվել է պայմանավորվածությամբ` մինչև օգոստոսի 10-ը հարցը պետք է վարչապետին ներկայացված լինի ու հանդիպումը կայացած:

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ