Բադասյանը և Չինաստանի դեսպանը խոսել են մաքսային մարմինների միջև աշխատանքային հարաբերության մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

պեկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտությունը և համագործակցության խթանման հեռանկարները։

ՊԵԿ նախագահը կարևորել է կողմերի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ընդգծելով հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման ուղղությունները։ Մասնավորապես, նշվել է հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և փոխադարձ հարցումների պատշաճ ու արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր մեխանիզմներ։ Առավել արդյունավետ փոխգործակցելու նպատակով ձեռք է բերվել համաձայնություն՝ աշխատանքներ իրականացնել հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային կապի ստեղծման ուղղությամբ։

Դեսպանը բարձր է գնահատել դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, և պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։ Մասնավորապես դեսպանն ընդգծել է, որ դեսպանությունը գործուն քայլեր կձեռնարկի՝ երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային կապերի խթանման նպատակով։

--00—ԼՀ