Հայաստանի ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ֆինն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նախարարը դեսպանին է փոխանցել Ֆրանսիայի կառավարությանն ուղղված իր  երախտիքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու համար, ինչպես նաեւ բարձր է գնահատել ֆրանսիական կողմի շարունակական աջակցությունը եւ սատարումը Հայաստանին եւ Արցախին:

Կողմերը բարձր են գնահատել ձեւավորված ներկա հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը, մասնավորապես՝ ջրային, հաղորդակցությունների, էներգետիկայի եւ այլ ոլորտներում: Հատուկ կարեւորվել է նաեւ համագործակցությունը բյուջետային աջակցության ոլորտում:

Անդրադարձ է կատարվել առեւտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության մանրամասներին եւ հեռանկարներին:

--00—ԼՀ