ՀՀ-ն բնապահպանությամբ և բիզնեսի կառավարումով Ադրբեջանին գերազանցում է, պարտվում է դիրքավորմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

photo_2023-08-05_13-10-15

Ադրբեջանի համար ընդերքը առաջնահերթություն է եղել դեռևս 20-30 տարի առաջվանից, երբ դեռ Արցախի հանքերը իր վերահսկողության տակ չէին, բայց պայմանագրով տվել էր ադրբեջանական ընկերություններին ապագայի տեսլականով։ Այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը։

«Մենք պետք է պետական մակարդակով հասկանանք և ընդերքը նույնպես առաջնահերթություն նայենք։ Ադրբեջանը դա անում է ոչ միայն թուլացնելու նպատակով, այլ նաև շատ լավ գիտակցելով ապագա տենդենցները ոլորտում, օրինակ մենք այսօր գիտենք, որ մետաղների պահանջարկը գնալով ավելանում է, ամեն ինչի համար շատ մետաղ է անհրաժեշտ, այսօր Հայաստանը ունի այդ ռեսուրսը, որն ապագայում շատ թանկ է արժենալու և Ադրբեջանը հեռուն տեսնելով է թուլացնում մեզ»,-ասել է Շուշանյանը։

Էսպոոյի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի դեմ Ադրբեջանի հնչեցրած մեղադրանքների մասին խոսելիս Շուշանյանն առաջարկել է մեղադրանքներին արձագանքողի դերի փոխարեն լինել ավելի պատրաստված և օրինակ դիտարկել Ադրբեջանի կողմից Կովսականում 44-օրյա պատերազմից հետո կառուցած օդանավակայանի ծրագիրը, որի թռիչքուղու երկարությունը 3000 մետր է, իսկ կոնվենցիայով շրջակա միջավայրի անդրսահմանային ազդեցության գնահատման համար նշված են անգամ 2100 մետրով թռիչքուղի ունեցող օդանավակայանները։

Զրույցի ընթացքում Շուշանյանը հնչեցրել է մի շարք ցուցանիշներ՝ նշելով, որ «Environment Performance Index»-ով Հայաստանը 56-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ․ «Բացի այդ, կլիմայի դաշտում ևս, Հայաստանում ածխաթթու գազի արտանետումները մեկ շնչին ընկնող մասով մոտ 3 տոննա է, Ադրբեջանում՝ 5:  Եթե վերցնենք երկրի բացարձակ արտանետումների թվերը, ապա պատկերն ավելի վատը կստացվի՝ Ադրբեջանն արտանետում է մոտ 5 անգամ ավել գազեր»,-«Աբովյան Time»–ի եթերում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը։

--00—ՅՄ