Ընտրությունների անկախ դիտարկման համար ՄԻՊ-ի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

369363248_624222519896684_7039120788159930338_n.thumb_

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատակազմի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումները։ Խումբը կապահովի նաև գրավոր և բանավոր, այդ թվում՝ թեժ գիծ և այլ հեռախոսահամարներով ստացած դիմումների ու բողոքների պատշաճ քննարկում։

Աշխատանքային խումբը կհամագործակցի ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաև իրավախորհրդատվության, քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև արագ արձագանքման այցերի համար:

Պաշտպանի աշխատակազմը, իր հաստատված գործելաոճին համապատասխան, ընտրության օրն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ:

--00—ՅՄ