Սեպտեմբերի 1-ից կմեկնարկի «Զգուշացե՛ք, երեխաներ են» ճանապարհային անվտանգության միամսյակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։

Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը, որի նպատակն է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն։

Գողության, գրպանահատության և այլ հանցագործությունները կանխելու նպատակով Կարեն Հակոբյանը հանձնարարել է ուժեղացնել ծառայությունը հատկապես տոնավաճառների և առևտրային համալիրների մոտ։

Քննարկվել են նաև ուսումնական հաստատությունների շրջակայքում ճանապարհային գծանշումների թարմացման և նախազգուշացնող լուսացույցների, նշանների կահավորման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել «Օրինապահ հետիոտն» միջոցառմանը, որի շրջանակում դպրոցականների շրջանում անցկացվելու են ճանապարհային երթեկության կանոնների վերաբերյալ ուսուցողական դասընթացներ։ Ակտիվ աշխատանք է իրականացվելու դպրոցների տնօրենների և մանկավարժական խորհուրդների հետ։

Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվել են ծառայության կազմակերպման վերաբերյալ հարցեր։

--00—ՅՄ