Հայկական «դրիֆտ» Բրազիլական հրապարակում․ ՆԳՆ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

vostikan-e1666781031198

Սեպտեմբերի 2-ի գիշերը, ծառայության ժամանակ, պարեկները նկատել են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակում անկանոն ընթացող մի «ԲՄՎ»։ Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ վարորդը բարձր արագությամբ 6-8 անգամ պտույտներ է կատարել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանները կանգնեցրել են մեքենան, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 22-ամյա երիտասարդին։ Այստեղ պարզվել է նաև, որ նա մեքենան վարում էր զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է նախաքննություն:

--00—ՅՄ