«Մեր նախնյաց պես արթուն պահապանը եղեք հոգևոր արժեքների»․ եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  08, 24News

սս

Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Իրաքի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Հոգեշնորհ Տ. Կորյուն ծայրագույն վարդապետ Բաղդասարյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ներկայացուցիչներ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավորներ Հայաստանից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից, Իրաքի և Վիրահայոց թեմերից։

Նախորդ օրն առավոտյան Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:

Մինչ Սուրբ Պատարագը բաց խորանի առջև կատարվեց ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրաքից և Վրաստանից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ:

Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվեց սրբազան Խորհուրդը: Առընթերականերն էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խարտավիլակն էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհից:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Օշական, Թեոդորոս, Մեսրոպ, Կորյուն և Կիրակոս վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:

Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց հավատավոր ժողովրդին և նորաօծ եպիսկոպոսներին՝ ի մասնավորի ընդծելով. «Այսօր վերստին աղոթքը Մեր շուրթերին Ադրբեջանի ռազմական ոճրագործությունների և Արցախի հայաթափման պատճառով լրջագույն մարտահրավերների դիմագրավող մեր հայրենիքի և ժողովրդի համար՝ Ամենակալ Տիրոջ բարեխնամ կամոք ու ողորմությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։

…Բոլորիս հայցով ու աղոթքով եպիսկոպոսացյալ մեր եկեղեցականները երկնառաք շնորհներ ստացան՝ լինելու հոգևոր տեսուչը հավատացյալների, մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետության և սրբազան ավանդության պահպանողն ու փոխանցողը, նախանձախնդիր՝ մեր ժողովրդի աստվածասիրության ու հավատքի զորացման։ Իր ծառայության մեջ եպիսկոպոսը կոչված է նմանվելու Քրիստոսին և իր վրա վերցնելու Տիրոջ քաղցր լուծը, իր հավատավոր կյանքով ու գործերով օրինակ լինելու հավատացյալներին։ «Նմանվեք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին»,- պատվիրում է Սուրբ Պողոս առաքյալը։ Տիրոջը նմանվելու կոչումն ու ձգտումը Եկեղեցու սպասավորների համար ակունք են զորության՝ մշտարթուն քաջ հովիվ լինելու, հավատացյալներին Քրիստոսով փրկության առաջնորդելու։ Այսպիսի հանձնառությամբ սպասավորության է հորդորում առաքյալը՝ ասելով. «Արածեցրեք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված» (Ա Պետ. 5.2)»։

Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ այս գիտակցությամբ զորացյալ, պատմության ընթացքում, եպիսկոպոսների քաջեռանդ առաջնորդությամբ հայրենիքում և սփյուռքի տարբեր համայնքներում զորացել է հայոց հոգևոր կյանքը, զարգացել մշակույթն ու դպրությունը, անխաթար պահպանվել ազգային ինքնությունը։ Նորին Սրբությունը հաստատեց, որ այսօր էլ Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, իրեն հանձնված հոտի հանդեպ պատասխանատվությամբ, անհոգնաբեկ ջանքեր է գործադրում, որպեսզի հայ ժողովուրդը հավատարիմ մնա մեր հայրերի սուրբ հավատքին և իր կյանքը խարսխի քրիստոնեական արժեքների վրա։

«Ներկայիս, երբ Արցախի հայաթափման հետևանքով մեր ազգը գտնվում է լուրջ հիմնախնդիրների հանդիման, մեր Եկեղեցին, մեր Սրբազան Հայրերը, հոգևոր սպասավորները կանգնած են լուրջ պատասխանատվության առջև՝ նախանձախնդրությամբ իրենց կարևոր նպաստը բերելու Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու աշխատանքներին, մխիթարելու ցավի ու նեղությունների մեջ գտնվող մեր քույրերին ու եղբայրներին»,-ասաց Հայոց Հայրապետը՝ ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին և անդրադառնալով նորաօծ Սրբազանների տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը։

Այնուհետև դիմելով նորաօծ եպիսկոպոսներին՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որպեսզի ամրանան Սուրբ Հոգու առատաբուխ շնորհներով, երանելի Սուրբ Հայրերի նմանողությամբ պատրաստ լինեն վերցնելու իրենց խաչը և հետևելու մեր Տիրոջը։

«Մեր հորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահեք ձեր ուխտը, ծառայեք և գործեք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրինակով, որպեսզի ձեր սպասավորությամբ Քրիստոսի սերը զորանա հայոց կյանքում, և միասիրտ ու միակամ լինի մեր ժողովուրդը։ Մեր նախնյաց պես արթուն պահապանը եղեք հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, առաջնորդեք մեր ժողովրդին աստվածապատվեր շավիղներով, հայրենիքի լուսավոր ու ապահով գալիքը կերտելու տեսլականով։ Հայրենյաց համար այս բարդ շրջանում, երբ մեր ժողովուրդը և պետությունը ծանր փորձությունների միջով են անցնում, շարունակեք ձեր բարի ջանքերը՝ մեր ժողովրդի զավակներին քաջալերելու և գոտեպնդելու, ազգի կարողություններն ու հնարավորությունները նպատակաուղղելու հայրենիքի հիմնախնդիրների հաղթահարմանը, սփոփելու և ըստ ամենայնի սատարելու բռնագաղթյալ արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Այսպիսի հանձնառությունների ու ծառայասիրության մեջ պիտի դրսևորվեն առ Քրիստոս մեր հավատը և հայրենասիրությունը»,-ընդգծեց Նորին Սրբությունը՝ մաղթելով, որ նորաօծ Սրբազանների ծառայությունը զարդարվի բարի իրագործումներով՝ ի փառս Աստծո, ի սեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու։

Հայրապետական պատգամից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ներկա եկեղեցականաց դասը, մոտենալով Օշական, Թեոդորոս, Մեսրոպ, Կորյուն և Կիրակոս Սրբազաններին, համբուրեցին նրանց աջը և ճակատը` ստանալով նրանցից առաջին եպիսկոպոսական «Ողջույնը», և շնորհավորեցին ձեռնադրության ու օծման առիթով:

Սուրբ Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու կապակցությամբ նորընծաներին Խորանի առջև շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:

Հաջորդ օրը նորաօծ եպիսկոպոսները կմատուցեն ուխտի իրենց պատարագները:

Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը՝ Սուրբ Գայանե վանքում: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 9:00:

Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը՝ Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:30:

Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը՝ Սուրբ Հռիփսիմե վանքում: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:00:

Գերաշնորհ Տ. Կորյուն եպիսկոպոսը Բաղդասարյանը՝ Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30:

Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը՝ Սուրբ Շողակաթ վանքում: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:00:

 

 --00—ԱՊ