Լոռիում անտառապետը և տեղակալը մասնակցել են ծեծկռտուքի, կա մարմնական վնասվածք ստացած անձ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Մ

Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ, օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, ապա Դսեղ գյուղի «Խնձորոքսի» կոչվող տարածքում հայտնաբերել և ոստիկանության Թումանյանի բաժին են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Հրաչ Մատոյանին պատկանող փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղ գյուղի անտառտնտեսության վարչական շենքում Լոռու մարզի բնակիչ՝ 46-ամյա Հրաչիկ Կլեկչյանի աշխատասենյակում (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տնօրենն է), Հ. Մատոյանի որդին՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Վահրամ Մատոյանը, իր ընկերոջ՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Արման Թումանյանի հետ, վիճաբանել են նշված անտառտնտեսության անտառապետ, Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Գուրգեն Խաչիկյանի հետ, ինչպես նաև Հ. Կլեկչյանի և նույն մասնաճյուղի տնօրենի տեղակալ՝ Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Տիգրան Բայրամյանի հետ:

Վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, Վ. Մատոյանն ու Ա. Թումանյանը ձեռքերով և ոտքերով հարվածել են Հ. Կլեկչյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք:

 

--00—ԱՊ