Ամուլսարը Ջերմուկի բնակչության համար կենսատարածք է և այն չենք զիջելու. Ամուլսարի պահապաններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ձ

Ամուլսարի պահապանները նամակ են ուղղել Եվրասիական զարգացման բանկին։

«ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահ

Նիկոլայ Պոդգուզովին

ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղակալ

Դենիս Իլյինին

Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն

Արմեն Մելքիկյանին

Մենք՝ Ամուլսարի մետաղական հանքի ծրագրի դեմ արտահայտված մարդիկ, լինելով տարբեր բնագավառներից, ունենալով տարբեր մասնագիտություններ և ապրելով տարբեր բնակավայրերում, ունենք հստակ դիրքորոշում Ամուլսարի ճակատագրի հարցում:

Այն է՝ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՊԻՏԻ ՍԱՐ ՄՆԱ ԵՎ ՎԵՐՋ։

Ստիպված լինելով տարիներով Ամուլսարի մուտքերի մոտ հողային ճանապարհների վրա շուրջօրյա հերթապահություն իրականացնել խաղաղ ակցիաների միջոցով՝ մեզ հաջողվել է կասեցնել Ամուլսարը որպես հանք շահագործելու ծրագիրը։ Մեր պայքարը հաջողվել է, քանի որ հանրության լայն շերտերը և մասնավորապես Ամուլսարի լանջին գտնվող առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունն աջակցել և կիսել է մեր տեսակետը։ Այդ մասին են վկայում Ջերմուկ համայնքում անցկացված հանրագրի արդյունքները, որտեղ շուրջ 3000 բնակիչ իր ստորագրությամբ հստակ դեմ է արտահայտվել համայնքի տարածքում մետաղական հանքերի շահագործմանը։ Բազմաթիվ են փաստերը Ամուլսարի ծրագրի դեմ իրականացված ակցիաներին համայնքի բնակչության ակտիվ մասնակցության մասին։

Ամուլսարի՝ որպես հանք շահագործումը բազմաշերտ խնդիրներ է պարունակում, և կփորձենք նշել մի քանիսը։ Ամուլսարը գտնվում է Հայաստանի կարևորագույն ջրային ռեսուրսների «սրտում»՝ Արփա և Որոտան գետերի տարածքում, ինչպես նաև Սևանը սնուցող Կեչուտի ջրամբարին շատ մոտ։

Ամուլսարի բնապահպանական ռիսկերի մասին խոսվել է բազմիցս և շատ մասնագետների կողմից։ Ամուլսարի շահագործման ծրագիրը բացասական գնահատականի է արժանացել նաև այսօրվա կառավարության կողմից պետական ֆինանսավորմամբ պատվիրված միջազգային ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների անկախ փորձագետների կողմից։

Բացի բնապահպանական անկառավարելի խնդիրներից Ամուլսարի շահագործումն ուղիղ հարված է Ջերմուկ հանքաջրաբուժական, առողջարանային և զբոսաշրջային քաղաքի գոյության և տնտեսական ուղղվածության համար։ Ջերմուկն ի սկզբանե ստեղծվել է որպես ջրաբուժական և առողջարանային գոտի, և այդ ճյուղը կայուն զարգանում է համայնքում։ Լիդիան ընկերությունը մինչ օրս չի կարողացել ներկայացնել երաշխիքներ Ամուլսարի շահագործման դեպքում առողջարանային գոտու վրա ազդեցության բացակայության վերաբերյալ։ Չի էլ կարողանալու ներկայացնել, քանի որ աշխարհում գոյություն չունի ոչ մի հանքաջրաբուժական առողջարանային գոտի, որի կողքին շահագործվի մետաղական բաց հանք։

Համայնքի բնակիչներն արդարացիորեն դեմ են նման անհեռանկարային ծրագրի իրականացմանը և հարկադրաբար իրենց սոցիալ-տնտեսական ճյուղի փոփոխմանը։ Դեռ հանրային լսումների փուլում Ջերմուկ քաղաքի բնակչությունը միտումնավոր դուրս է թողնվել դրանց մասնակցելու հնարավորությունից, քանի որ միշտ ունեցել են բացասական վերաբերմունք այդ ծրագրին։

Վստահաբար նշում ենք, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը և նրանց մոտեցումը կիսող բազմաթիվ մարդիկ ամուր կանգնած են Ամուլսարի թիկունքին և զգուշացնում են, որ ցանկացած օժանդակում այդ ծրագրին արկածախնդրություն է և դատապարտված է ձախողման։ Ամուլսարը Ջերմուկ համայնքի բնակչության համար կենսատարածք է և այն չենք զիջելու»։

 --00—ԼՀ